l-0x0wh-786x458z-1-62

Հարցաքննության ընթացքում որևէ անձ չի ասել, թե ձայնագրությունը կեղծված է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ | 1lurer.am

1lurer.am Ունենք շուրջ 115 քրեական վարույթ, նախորդ օրվա դրությամբ եմ ասում, այդ վարույթներով հարցաքննվել են հարյուրավոր անձինք, և որևէ անձ չունենք, որը հարցաքննության ընթացքում հերքած լինի և տվյալներ տրամադրած լինի, որ ձայնագրությունը կեղծված է, այդ խոսակցության հեղինակը ես չեմ, կամ պահանջի, որ նշանակվի փորձաքննություն:

Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք չե՞ն եղել հայտարարություններ հրապարակած ձայնագրությունների իսկության հետ կապված:

«Նման որևէ տվյալ որևէ վարույթով մենք չունենք»,- հայտնեց Նահապետյանը:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք չեն ասել, որ ձայնագրությունը, օրինակ՝ մոնտաժված է, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հավաստիացրեց՝ հրապարակված ձայնագրություն, ձայնագրության կտոր չկա, որը կոնտեքստից կտրված լինի:

«Այսինքն՝ հրապարակվել են ձայնագրությունների էն հատվածները ամբողջական, որը վերաբերելի է եղել որևէ քաղաքական ուժի, այսինքն՝ տվյալներ է պարունակում, որ ինքը պատկանում է այս կամ այն քաղաքական ուժին, և խոսակցությունը վերաբերել է կոնկրետ ընտրակաշառքին: Այսինքն՝ մենք էդ ամեն ինչը, բնականաբար, ներկայացնելու ենք դատարան:

Մենք ունենք ավարտված քրեական վարույթներ, 14 քրվարույթ 54 անձի վերաբերյալ արդեն իսկ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան, և վաղը մյուս օր մեր հանրությունը գնալու է դատարան և անձամբ ծանոթանա այդ ձայնագրությունների հետ»,- տեղեկացրեց Նահապետյանը:

Վերջինս հայտնեց՝ այն ձայնագրությունները, որոնք հանրությունը լսում է ներկայում, կատարվել են մի դեպքում՝ մեկ ամիս առաջ, մյուս դեպքում՝ մեկ օր առաջ կամ մի քանի ամիս առաջ:

«Դրանք ըստ էության որևէ էական նշանակություն չունեն, քանի որ նախաքննական մարմինը դրանք հրապարակում է այն ժամանակ, երբ իրականացվում են բացահայտ գործողություններ»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն