Հունիսի 6-ին մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ դիմել են հսկող դատախազին և ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով պատրաստակամություն ստանձնելու Արտուր Օսիպյանի երաշխավորությունը, փոխելու ընտրված խափանման միջոց կալանքը։ Այս մասին հայտնում է «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը»։
«Երրորդ օրն է, ՀՀ գլխավոր դատախազություն են մուտքագրվել երաշխավորությունը ստանձնելու պատրաստակամութուն հայտնած անձանց դիմումները։ Դեռևս որևէ գործողություն չի իրականացվել (համաձայն քրեական դատավարության օրենսգրքի՝ ստանալով դիմումները, վարույթի իրականացնող մարմինը/դատախազությունը պետք է հրավիրի երաշխավորներին դիմումները պնդելու վերաբերյալ դիրքորոշումը պարզելու նպատակով)։
Անձի՝ հացադուլի մեջ գտնվելու պայմաններում յուրաքանչյուր ժամ էական է։ ՀՀ գլխավոր դատախազություն, պահանջում ենք հրատապ արձագանք»,- նշել է կազմակերպությունը։
Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ վիճաբանությունից հետո։ Փաշինյանը, ի պատասխան Արցախի վերաբերյալ Օսպիյանի դիտարկումներին, Փաշինյանը ասել էր․ «… Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»։
Մինչ այդ միջադեպը, Օսիպյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր․ «Եթե Նիկոլ Փաշինյանի տեղն իմացող կա, ասեք բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Մայիսի 21-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Արթուր Օսիպյանին։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Նա կալանավայրում հացադուլ է հայտարարել և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի։