factor.am ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստվում է քվեարկել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից աջակցվող փոփոխության շուրջ, որի հեղինակը կոնգրեսական Բրեդ Շերմանն է։ Այն կոչ է անում Ամերիկային դիվանագիտական, տնտեսական և իրավական ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, այդ թվում՝ 907-րդ բաժնի լիակատար կիրառմամբ, ստիպելու Բաքվին ազատ արձակել հայ պատանդներին։
Փաստաթուղթը կոչվում է «Կոնգրեսի կարծիքը հայ ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների վերաբերյալ»։
Կոնգրեսի կարծիքով՝
(1) Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։
(2) Միացյալ Նահանգները պետք է օգտագործի բոլոր համապատասխան դիվանագիտական, տնտեսական և իրավական գործիքները, ներառյալ՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի լիարժեք կիրառումը և «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» քննարկումը, Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար։