Հունիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
«Այցի շրջանակում Պաշտպանը և ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի հետ։ Դիտարկվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, բարձրացված վերաբերելի հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Արթուր Օսիպյանի կողմից բարձրաձայնված` քրեական վարույթին առնչվող հարցերը շարունակում են հասցեավորվել իրավասու մարմիններին:
Ինչ վերաբերում է անձի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցին, Մարդու իրավունքների պաշտպանը, որևէ կերպ չմիջամտելով դատական իշխանության գործունեությանը, կարևորում է այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը քննարկման առարկա դարձնելը:
Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է և ՄԻՊ հաստատությունը հացադուլի վարման պետության պարտավորությունները մշտապես քննարկման առարկա է դարձնում` այդ հանգամանքը նկատի ունենալով, Անահիտ Մանասյանը ազատությունից զրկված անձանց ներկայացրել է տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրանց առողջական վիճակի վրա:
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այցերի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վեր հանված խնդիրները, մանրամասն վերլուծվում են, հասցեավորվում իրավասու պետական մարմիններին , իսկ համակարգային խնդիրների վերաբերյալ ներկայացվում են նաև համապատասխան առաջարկներ՝ ոլորտը բարելավելու նպատակով»:
Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ վիճաբանությունից հետո։ Փաշինյանը, ի պատասխան Արցախի վերաբերյալ Օսպիյանի դիտարկումներին, Փաշինյանը ասել էր․ «… Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»։
Մինչ այդ միջադեպը, Օսիպյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր․ «Եթե Նիկոլ Փաշինյանի տեղն իմացող կա, ասեք բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Մայիսի 21-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Արթուր Օսիպյանին։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Նա կալանավայրում հացադուլ է հայտարարել և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի։