Արտուր Օսիպյանը քիչ առաջ դուրս է եկել ՔԿՀ-ից։ Նա եւ իր պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը ՔԿՀ-ի մոտից ուղիղ եթերով խոսել են իրենց անելիքների մասին։
«Ինձ ազատ արձակելով ոչինչ չի փոխվել, ընդհակառակը, դեռ նոր ենք սկսում, սա դեռ կոպիտ ասած «ռազմինկան» է, տաքանում ենք դեռ»,- ասել է նա՝ շեշտելով՝ «հետագա ընթացքը լինելու է օրենքով».
«Մենք գնալու ենք մինչև վերջ, մինչև մեր նպատակին հասնելը, մինչև հաղթանակ»։
Օսիպյանն անդրադարձել է Փաշինյանի՝ իրեն ուղղված արտահայտություններին, այդ թվում՝ «խի չես զոհվել» ասվածին՝ կասկած հայտնելով, որ դրանք պարունակում են քրեական տարրեր։ Նա նշել է, որ այդ հարցով իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո դիմելու են դատախազություն, ընդհուր, ըստ անհրաժեշտության, միջազգային դատարան։ Օսիպյանը խորին շնորհակալություն է հայտնել իրեն աջակցող մարդկանց։
Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանն էլ հայտարարել է՝ հնարավոր է՝ դիմեն դատարան՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի եւ հերքի «այն զրպարտությունները, որոնք հնչեցրել է Օսիպյանի հասցեին»։
«Խոսքի ազատությունը չպետք է հասցնի ֆիզիկական անազատության»,- նշել է Դավիթ Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է Օսիպյանի հացադուլին, Հովհաննիսյանն ասել է՝ քանի որ շատ դժվար է լինելու ընտանիքի անդամների, մոր եւ կնոջ հույզերի, երեխաների ներկայությամբ այն շարունակել, այդ հարցը լրացուցիչ կքննարկեն, եւ հնարավոր է՝ այն պարագայում, երբ Փաշինյանը ներողություն չխնդրի, պայքարի եղանակի փոփոխություն անեն․
«Հացադուլը այն ծաւրահեղ միջոցն է, որին դիմում են մարդիկ, որ անարդարություն իրականացնողը զղջա, բայց քանի որ արդյունք չկա, հնարավոր է՝ դիմենք դատարան, որ ներողություն խնդրի եւ հերքի այն զրպարտությունները, որ հնչեցրել է Օսիպյանի հասցեին՝ պատերազմին թվացյալ չմասնակցելու, թվացյալ փսեւդոէլիտայի մաս լինելու եւ այլ առումներով»,- ասել է պաշտպանը։