2poc9wdg80lfipnxxhwcgmv2o3micekwwvaejcek

Գյումրիում վերացնում են հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի հետևանքները

Հունիսի 10-ի գիշերը Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքները վերացնելու համար քաղաքապետարանի կոմունալ ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով: Տեղացած անձրևի և կարկուտի հետևանքով քաղաքում առաջացել են տրանսպորտային երթևեկության խնդիրներ։ Տեղումների պատճառով քաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի և սառույցի տակ՝ դժվարություններ առաջացնելով բնակիչների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար:

Ինչպես տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանից, առավել բարդ իրավիճակ է գրանցվել Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի հատվածում, որտեղ գոյացած սառցաշերտի և ջրային կուտակումների պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դարձել է անանցանելի։

Աղետի հետևանքները վերացնելու նպատակով Գյումրիի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն ամբողջ գիշեր աշխատել են արտակարգ ռեժիմով։ Գործի է դրվել անհրաժեշտ տեխնիկա։ Բնակկոմունալ բաժնի և կոմունալ ծառայության աշխատակիցները գիշերվա ընթացքում իրականացրել են սառցաշերտի հեռացման, ճանապարհների մաքրման և երթևեկության վերականգնման աշխատանքներ։

Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանի տեղեկացմամբ՝ տեղումների ծավալն աննախադեպ է եղել։ «Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում էր մինչև 1,5 մետրի։ Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, սակայն ջրի ծավալն այնքան շատ է եղել, որ պարզապես հնարավոր չի եղել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը»,-նշում է Անդրանիկ Չադրյանը։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ՝ Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային հանձնաժողովը և մարզպետի աշխատակազմի աշխատանքային խմբերը համայնքային հանձնաժողովների հետ համատեղ արդեն ձեռնամուխ են եղել տեղումների պատճառած վնասների գույքագրման և գնահատման օպերատիվ աշխատանքներին: Մասնավորապես, տեղերում ուսումնասիրվելու են ստացված բոլոր ահազանգերը, ինչպես նաև առանձին գույքագրվելու է գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին ու մշակաբույսերին հասցված վնասի չափը՝ հնարավորինս արագ ամբողջական պատկեր ստանալու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն