arm.sputniknews.ru ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը վրդովմունք է հայտնել Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման կապակցությամբ։
«Խորը վրդովմունքով ընդունեցինք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման մասին հաղորդագրությունները։ Այս սրբապիղծ արարքը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա միտումնավոր հարձակման և Մեծ հաղթանակը անարգելու փորձի մասին է», – ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, դեսպանատունը նշում է քաղաքային իշխանությունների և Գյումրիի հանրության կողմից միջադեպի նկատմամբ արտահայտված սուր արձագանքը։ Դեսպանատունը նաև ՀՀ իշխանություններից ակնկալում է միջադեպի հստակ գնահատական, ինչպես նաև համապարփակ միջոցառումների կիրառում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար։
Ավելի վաղ անհայտ անձինք Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանից պոկել էին հերոս քաղաքների անունների ոսկեզօծ տառերը, հայտնել էր քաղաքապետարանը սոցցանցի իր էջում: Տառերը հայտնաբերվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի տարածքում գտնվող աղբամաններում, դրանք հայտնաբերել են քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները։ Այժմ քաղաքապետարանի մասնագետները փորձում են վերականգնել հաղթանակ տարած քաղաքներին նվիրված հուշատախտակները: