2025 թվականին 2 տրիլիոն 725 մլրդ հարկային եկամուտներ եւ տուրքեր են վճարվել պետական բյուջե: Բոլոր հարկատեսակներով մուտքերն ավելացել են, ինչը պայմանավորված է վարչարարության արդյունավետության բարձրացմամբ եւ ստվերի նվազմամբ:
Այս մասին ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 11-ի համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում: Ստորեւ՝ քննարկման մասին ԱԺ հաղորդագրությունը։
Հաշվետու ժամանակահատվածում ՊԵԿ-ի մասով նախատեսված ծախսերը կազմել են 131 մլրդ դրամ: Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձի մասով նախատեսվել է 96,6 մլրդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 95,6 մլրդ դրամը: Ծրագրից 2025 թվականին օգտվել է 65 հազար շահառու:
«Առեւտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտներին աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման համար տրամադրվել է 52,5 մլն դրամ, կատարողականը կազմել է 49,8 մլն դրամ:
Հարկային, մաքսային ծառայությունների մասով ծրագրին հատկացվել է 34,8 մլրդ դրամ, կատարողականը եղել է 29,2 մլրդ դրամ:
Ներկայացնելով նախորդ տարվա ձեռքբերումներն ու բարեփոխումները՝ զեկուցողը նշել է, որ ներդրվել են արհեստական բանականության նոր գործիքներ ու ավելացված արժեքի հարկի ավտոմատ վերադարձի համակարգ: Նվազել են հարկ վճարողների շրջանում այցելություններ ենթադրող ստուգումները, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը: Մաքսային գործունեության բարելավման նպատակով կոմիտեն ներդրել է էլեկտրոնային ծանուցումների հեռավար համակարգ:
Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է մաքսային համակարգում միջազգային համագործակցությանը, ապա պատասխանել է պատգամավորների հարցերին: