hetq.am Ընտանիքի անապահովության գնահատման և դրա հիման վրա նպաստ կամ այլ ծառայություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու, համակարգի հասցեականության ու արդյունավետության բարձրացնելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում։
Ըստ հիմնավորման՝ 2025 թ. մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը, որն ամբողջ հանրապետությունում կներդրվի 2026 թ. հուլիսի 1-ից։ Անապահովության գնահատման նոր համակարգի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական:
Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթներն ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում:
Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը: Վերոնշյալ մարզերում համակարգի փորձնական կիրառման արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնք առաջացրել են համակարգում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն։
Որոշմամբ առաջարկվում է՝ ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության փոփոխության դեպքում՝ մինչև 18 տարեկան անձանց թվի ավելացման և ընտանիքի անդամի մահվան դեպքերի ժամանակ դիմողի կողմից որևէ փոփոխություն անելու անհրաժեշտությունը հանել՝ տվյալների ինքնաշխատ ստացման հնարավորությամբ պայմանավորված։
Առաջարկվում է սահմանված «18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող անձ» սոցիալական խմբի դեպքում հանել տարիքային սահմանափակումը՝ արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ սովորող անձանց համար։ Ընտանիքի եկամտի կազմի մեջ նախատեսվում է դիտարկել նաև ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող նպաստը։
Ընտանիքի եկամտի կազմի մեջ ներառվող պարբերական սոցիալական աջակցություն հանդիսացող դրամական միջոցների դեպքում կսահմանվի բացառություն՝ դրանց կազմում չդիտարկելով ընտանիքին անապահովության հիմքով տրամադրվող նպաստները։ Բացառող գործոններից՝ տվյալ տարվա ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի և նախորդող 12 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բնական գազի սպառման միջին ամսական սպառման սահմանաչափերը գերազանցելու հանգամանքների դեպքում կիրառվող հաշվարկման բանաձևերում կատարվել է փոփոխություն՝ դրանց համար կիրառելով մեկ միասնական սահմանաչափ՝ կիրառելով նաև ընտանիքի անդամների թվով պայմանավորված առանձնահատկություններ։
Սահմանվել է նոր կարգավորում, որով կեցության պայմանների ուսումնասիրության ժամանակ գնահատող մասնագետը ըստ անհրաժեշտության նշումներ կատարելու հնարավորություն կունենա, որը կարող է հիմք հանդիսանալ սոցիալական դեպք բացելու համար կամ անապահովության գնահատման համար ներկայացված տվյալների (փաստաթղթերի) հավաստիությունն ուսումնասիրելու որոշմամբ նախատեսված ավելի վճարված գումարները վերադարձնելու գործընթաց կազմակերպելու համար:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, «Փարոս» համակարգում 2017-ին ընդգրկված է եղել 100 հազար ընտանիք, 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ 46 հազար ընտանիք: Այսինքն՝ թիվը 54,1 տոկոսով կամ 2,2 անգամ պակասել է: «Սա, իհարկե, նաև ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք նաև տեսնում ենք մեր գործընկերների՝ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերից: Մենք գիտենք, որ վերջին տարիների ցուցանիշն իջել է, ինչպես նաև տեսնում ենք հարակից այլ ցուցանիշների միջոցով, օրինակ՝ նույն գործազրկության թվերի անկումը, միջին աշխատավարձի բարձրացումը, աշխատատեղերի թվի բարձրացումը, այսինքն՝ այդ բոլորը խոսում են նույն պրոցեսի մասին»,- ասել է նախարարը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անապահովության գնահատման նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի. «Շատ ուրախ եմ, որ մենք ոչ մի քաղաքական նկատառումով չենք դանդաղեցրել և չենք կանգնեցրել այդ գործընթացը։ Այս բարեփոխումն ունի շատ կարևոր գաղափարախոսական և հայեցակարգային նշանակություն, որովհետև մենք պետք է ընդհանրապես հստակ կիսենք և համաձայնության հասնենք ՀՀ-ում կյանքի միջին վիճակագրական մոդելի հարցում։ Կրթություն, աշխատանք, բարեկեցություն՝ սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի»:
Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ անապահովության գնահատման համակարգն առաջին հերթին անապահովությունը հաղթահարելու աջակցություն է։ «Մենք ոչ մեկին աջակցելուց չենք հրաժարվում և չենք էլ հրաժարվի երբեք։ Սակայն այս տրամաբանությունը պետք է գործի՝ պետությունը ուժեղացնում է մարդուն, մարդն ուժեղացնում է պետությանը», -ընդգծել է վարչապետը՝ մատնանշելով, որ վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ծայրահեղ աղքատության ցուցանիշը ձգտում է 0-ի։