IMG_4424

Աշխարհացունց բան դրանից տեղի չի ունենա. ՀԾԿՀ նախագահը՝ գազի գնի հավանական թանկացման հետևանքների մասին | 1lurer.am

1lurer.am Աշխարհացունց բան դրանից տեղի չի ունենա, որովհետև արևային տեխնոլոգիաները, վերականգնվող էներգետիկան այս տարիների ընթացքում մեր երկրում, բարեբախտաբար, բավականին զարգացել են առաջանցիկ տեմպերով: Եվ միայն արդեն արևային կայանների գոյությունը մեր իրականության մեջ մեզ կապահովի 1992, 1993, 1994 թվականների ծանր էներգետիկական ճգնաժամի պատկերը ունենալուց: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով գազի գնի հավանական թանկացման մասին խոսակցություններին և դրա ազդեցությանը հասարակության կյանքում:

Ըստ ՀԾԿՀ նախագահի՝ այս պահին չկա նման քննարկում, բայց եթե գազի գնի փոփոխություն լինի, ապա որոշակի դժվարություններ կլինեն անցումային փուլում, բայց չեն լինի օրերով, ժամերով հոսանքազրկումներ:

ՀԾԿՀ նախագահը նաև հիշեցրեց, որ օրերս Ազգային ժողովում ընդունվեց կուտակիչ կայանների մասին օրենքը, ըստ որի՝ էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ կատարվեցին: Արդյունքում շուտով ՀՀ-ում կուտակիչ կայանների կառուցման, ներդրման հնարավորություն կստեղծվի, ինչն էլ կօգնի մեղմել խնդիրը:

«Ենթադրենք, դիցուք, վաղը գազը թանկացրին, հա՞, Հայաստանին վաճառվող ռուսական գազը թանկացրին, պայմանագիրը և սակագները գործում են դեռևս մինչև 2027 թվականի սկիզբը: Հետևաբար առաջիկա 6 ամիսների ընթացքում ցնցումային բան չենք ունենա»,- ասաց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ տարիների ընթացքում լրացուցիչ օգուտներ են ձևավորվել գազի համակարգում, և այդ գումարը անհրաժեշտության դեպքում որոշակի ժամանակահատված կարող է նաև ուղղվել գազի սակագնի մեղմմանը, որպեսզի սպառողները սոցիալական ծանր վիճակի մեջ չընկնեն:

Հարցին՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, թե գազի ներմուծման մասով այլընտրանքներ կան, ի՞նչ այլընտրանքների մասին է խոսքը, ՀԾԿՀ նախագահը հիշեցրեց՝ քաղաքական գործիչ չէ, քաղաքական որոշումներին մասնակից էլ չէ, հետևաբար այդ հարցից տեղյակ չէ, բայց միաժամանակ նշեց, որ այլընտրանքներ կարող են լինել հարակից երկրների տարածքներից՝ Ադրբեջանից, Թուրքմենստանից, Իրանից և այլն:

Հարցին՝ գյուղական շատ բնակավայրերում հրաժարվում են գազից և օգտագործում են արևային էներգիա, կա՞ սրա վերաբերյալ վիճակագրություն, ՀԾԿՀ նախագահն ասաց՝ դա վաղուց պրակտիկա է մեր կյանքում:

«Ասեմ ավելին, այդ արևային տեխնոլոգիաները վերջին տարիներին բերեցին նրան, որ իսկապես գազի սպառման ծավալները կենցաղային մակարդակում որոշակի նվազման, զսպման միտումներ ունեին որոշ բնակավայրերում, բայց դրան զուգահեռ, այնուամենայնիվ, կենցաղային սպառողների մոտ գազի ծավալի, սպառման ծավալի աճ է տեղի ունեցել, որը, իմ կարծիքով, կենսամակարդակի աճի ամենալավ ցուցանիշներից մեկն է»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն