p09gqdp07osk5bxz

«Ուժեղ Հայաստան»-ը դիմում ներկայացրեց ԿԸՀ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով | civilnet.am

civilnet.am Հունիսի 12-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնեց, որ դիմումով ներկայացրել են ընտրություններից առաջ և ընտրության օրն արձանագրված ընտրախախտումների մասին։

«Դիմումը քննվելու է առաջիկա կիրակի օրը՝ ընտրությունների վերջնարդյունքների ամփոփման օրը»,- ասաց Վարդևանյանը։

Ըստ Վարդևանյանի՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը քննարկելու ընթացքում ԿԸՀ-ն պարտավոր է նաև անդրադարձ կատարել վերաքվեարկության հանգամանքին, որը ներկայացվել է դաշինքի կողմից մուտքագրված դիմումի շրջանակում։

«Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են։ Եթե 2 ընտրատեղամասի անվավեր ճանաչված արդյունքներն ազդեցություն ունեն ընտրության արդյունքների վրա, ապա վերաքվեարկությունը պարտադիր է։ ԿԸՀ–ն պարտավոր է կազմակերպել այդ ամենը։ Մեծ հարց է` արդյոք նմանատիպ ընտրախախտումներ եղել են միայն այդ 2 ընտրատեղամասում, թե մի շարք այլ ընտրատեղամասերում ևս»,- ասաց Վարդևանյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ին անվավեր է ճանաչել հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքները թիվ 10/51 և 35/65 տեղամասերում՝ քվեարկության օրն արձանագրված խախտումների հիմքով։ 

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ՝ 2 դաշինք, 1 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե՝ 49,8 %, «Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե՝ 23,28% , «Հայաստան»  դաշինք- 145 113 քվե՝ 9,93%։ Քվեների հաշվարկի նախնական արդյունքով ԲՀԿ-ն ստացել է 3,9 % քվե։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն