azatutyun.am Ընտրություններն ամբողջությամբ տապալված են, հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Հա՛մ կեղծված են, հա՛մ տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում: Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալվել է: Փաշինյանը չի հաղթել, մենք էլ չենք հաղթել ընտրությունները», – ասաց նա:
Սամվել Կարապետյանը հայտնեց, որ դիմել են ԿԸՀ, դիմելու են նաև Սահմանադրական դատարան երկու պահանջով՝ չեղարկել ընտրությունները և նշանակել երկրորդ փուլ:
«Եթե ինքը վստահ է իր վրա, որ հաղթել է, ճիշտ կլինի 2-րդ փուլով որոշենք՝ հաղթել են, թե չէ», – ասաց «Ուժեղ Հայաստանի» ղեկավարը:
Լրագրողի հարցին՝ եթե ԿԸՀ-ն ու ՍԴ-ն մերժեն դիմումները, իրենք կգնա՞ն խորհրդարան, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Մեր հարցը խորհրդարանն ու խորհրդարանը չի, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, որովհետև այս երկիրը դարձրել է դուքան, ինչ ուզում են անում են: Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան»:
Իսկ եթե փողոցային պայքար լինի, ո՞վ կլինի ընդդիմության առաջնորդը, Կարապետյանն ասաց. «Ընդդիմության մեկ առաջնորդ չի լինի, քանի որ բոլորն էլ տուժվել են Փաշինյանի նախընտրական պայքարի քաղաքականությունից, բոլորն էլ պետք է մասնակցեն»:
«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Քաղաքական ուժի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը պնդեց՝ իշխանության կողմից օգտագործվել է վարչական ռեսուրս: