Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 12-ի համատեղ նիստում քննարկվել է 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը:
Զեկուցողները ներկայացրել են հաշվետու տարում իրենց ոլորտներում իրականացված միջոցառումներն ու ֆինանսական ցուցանիշները:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը մանրամասնել է իրենց բյուջետային հայտն ու կատարված աշխատանքները: Նշվել է, որ 2025 թվականը հանձնաժողովի համար եղել է տեխնիկական արդիականացման, իրավական դաշտի եւ մշտադիտարկման գործիքակազմի ընդլայնման տարի:
«Տեսալսողական մեդիայի ոլորտի կարգավորում» ծրագրով հաստատված բյուջեն կազմել է 381.2 մլն դրամ, ճշտված բյուջեն՝ 392.6 մլն դրամ:
ՀՌՀ փաստացի ծախսը կազմել է 384.5 մլն դրամ՝ ապահովելով 97.7 տոկոս կատարողական: Միջոցներն ուղղվել են ՀՌՀ գործունեության ապահովմանը, տեսալսողական մեդիայի ոլորտի կարգավորման ծառայությունների միջոցառմանը, որի ծախսերը կազմել են 370.2 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 98.5 տոկոսը:
ՀՌՀ տեխնիկական հագեցվածության բարելավման ծախսերը կատարվել են 77.8 տոկոսով՝ կազմելով 4.1 մլն դրամ, որը պայմանավորված է մրցույթի արդյունքում սարքավորումների եւ գրասենյակային գույքի՝ նախատեսվածից ավելի ցածր արժեքով ձեռքբերմամբ: Պետական ֆինանսավորումից բացի ՀՌՀ-ն իր իրավասությունների շրջանակում հանդես է գալիս նաեւ որպես պետական եկամուտների գեներացմանը նպաստող մարմին: 2025 թվականի ընթացքում հանձնաժողովի կարգավորման եւ վերահսկողության դաշտում գործող ընկերությունների վճարումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 39.2 մլն դրամ:
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը նշել է, որ «Ռադիոյի եւ հեռուստահաղորդումների հեռարձակման» ծրագրի շրջանակում 2025 թվականին խորհրդին պետական բյուջեից տրամադրվել է 8,5 մլրդ դրամ, որը գրեթե ամբողջությամբ ծախսվել է: 2024 թվականի համեմատ հաշվետու շրջանում խորհրդի ծախսերն աճել են 1,4 տոկոսով կամ 117 մլն 600 հազար դրամով՝ պայմանավորված Հանրային հեռուստաընկերության ընթացիկ գործունեության ֆինանսավորման աճով:
Ընդհանուր եւ լրատվական ուղղվածությամբ հեռուստատեսային ծառայությունների միջոցառման շրջանակում իրականացվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջներին համապատասխան տարբեր թեմատիկ ուղղվածությամբ հեռուստահաղորդումների պատրաստում եւ հեռարձակում: Միջոցառման ծախսը կազմել է 6 մլրդ 600 մլն դրամ, որը 2,8 տոկոսով կամ 182 մլն 200 հազար դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Զեկուցողը ներկայացրել է նաեւ իրականացված այլ միջոցառումներն ու ծախսերը, կարեւորել Հանրային ռադիոյի տեխնիկական վերազինումը:
Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է իր ղեկավարած գրասենյակի 2025 թվականի բյուջեի կատարողականը:
Գրասենյակն իրականացրել է «Հայաստան-Սփյուռք գործակցություն» եւ «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերը: Հատկացվել է 845 մլն 545 հազար դրամ: 53 մլն 392 հազար 800 դրամի տնտեսում է եղել, իսկ միջինում իրականացումից ձեւավորվել է 71 մլն 185 հազար 400 դրամ ֆինանսական մնացորդ:
Փաստացի ծախսը կազմել է 720 մլն 966 հազար 800 դրամ:
«Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացմանը հատկացվել է 127 մլն 472 հազար 200 դրամ: Փաստացի ծախսը եղել է 112 մլն 786 հազար 700 դրամ: Միջոցառմանը մասնակցել է 27 երկրից 13-18 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդ:
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» («Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում») միջոցառման իրականացման համար հատկացվել է 26 մլն 603 հազար 100 դրամ, 24 մլն 832 հազար դրամ է կազմել փաստացի ծախսը: Միջոցառմանը մասնակցել է 15 երկրից 28 սփյուռքահայ երիտասարդ:
«Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ իրազեկման ապահովում» ծրագրի համար նախատեսվել է 60 մլն դրամ: Փաստացի ծախսը կազմել է 90.64 տոկոս:
Ներկայացվել են նաեւ մի շարք այլ ծրագրերի ցուցանիշները: