«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների նախնական գնահատականը՝ նշելով, որ չնայած առանձին խախտումներին և ընտրակաշառքի լայն տարածվածությանը, քվեարկության արդյունքները հիմնականում արտահայտում են ընտրողների կամքը։ Դիտորդները միաժամանակ ընդգծում են ընտրական գործընթացում բացահայտված խնդիրների, վերահաշվարկների ընթացքի և քաղաքական ֆինանսավորման թափանցիկության բարելավման անհրաժեշտությունը։
«Ընտրություններին առաջադրվել էին 17 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։ Առաջադրված կուսակցություններից մեկը հետագայում ներկայացրեց ինքնաբացարկ։ Այս օրերին ընթանում են վերահաշվարկներ և վերջնական արդյունքները ամփոփված չեն։
Այնուամենայնիվ, նախնական արդյունքները թույլ են տալիս պնդել, որ Ազգային ժողովի մանդատներ են ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան դաշինքները» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Վերահաշվարկները, որոնք նույնպես դիտարկվում են առաքելության կողմից, իրականացվում են պատշաճ և ակներև, սխալ մուտքագրված տվյալների փոփոխություններից բացի վճռում են առանձին քվեաթերթիկների վավեր կամ անվավեր լինելու հարցը՝ չարձանագրելով քվեարկության արդյունքների կեղծման դեպքեր։ 3 տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը և վերաքվեարկության նշանակումը շարունակում են մնալ Անկախ դիտորդի ուշադրության կենտրոնում։
«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդական առաքելության նպատակն է՝ բացահայտել օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի խնդիրներն ընտրական գործընթացներում և առաջարկել լուծումներ, որոնք կնպաստեն ժողովրդավարության ամրապնդմանը։ Այս առումով հատկապես կարևոր ենք համարում դիտորդական առաքելության բացահայտումների հրապարակումն ու դրանց պատշաճ քննությունն իրավապահ մարմինների կողմից։
«Անկախ դիտորդ» դաշինքը նաև կարևոր է համարում քաղաքական ֆինանսավորման թափանցիկության կարգավորումների օր առաջ բարելավումը` հետագա ընտրությունները ապօրինի դրսևորումներից զերծ պահելու համար։
Հաշվի առնելով առաքելության կողմից կատարված արձանագրումները, դաշինքը համարում է, որ տեղամասերում արձանագրված արդյունքներն արտահայտում են քաղաքացիների կատարած քվեն, սակայն ընտրակաշառքը կրել է զանգվածային բնույթ, ինչը բացասաբար է ազդել ընտրությունների որակի վրա»,- ասվում է հաղորդագրությունում։
Ամբողջական նյութը՝ այստեղ։