news.am Իսպանիայի հյուսիս-արևմուտքում՝ Պադրոն համայնքի Էրբոն շրջանում, ուրբաթ բռնկված խոշոր անտառային հրդեհը դեռևս չի մեկուսացվել և արդեն ոչնչացրել է մոտ 330 հեկտար տարածք, հայտնում է Euronews-ը։
Իշխանությունները հայտարարել են վտանգի երկրորդ մակարդակ, իսկ մի շարք տների բնակիչներ տարհանվել են։ Հրդեհը բռնկվել է հունիսի 13-ի ցերեկը և շարունակում է տարածվել։ Պադրոնի քաղաքապետ Անխո Ռեյ Արկան հայտնել է, որ հրդեհը դուրս է եկել համայնքի սահմաններից և տարածվել հարևան Թեո համայնքի տարածք, ինչը բարդացրել է արտակարգ ծառայությունների աշխատանքը։
Կռուշեյրաս-դե-Աբայշո բնակավայրից տարհանվել են վտանգի գոտում հայտնված տասը տան բնակիչներ։ Շաբաթ երեկոյի դրությամբ նրանց դեռ թույլ չեն տվել վերադառնալ տուն։ Իրավիճակը բարդացնում են օդի բարձր ջերմաստիճանը, որը գերազանցում է 30 աստիճանը, և ուժեղ քամին։