01-8-1024×683-1

Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը։

«Բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը՝ Արամ Ղազարյանն ընդգծել է քաղաքացիական պաշտպանության, աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում փոխգործակցության զարգացման կարևորությունը։

Արամ Ղազարյանը ներկայացրել է Փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները՝ միտված քաղաքացիական պաշտպանության համակարգի արդիականացմանը, կարողությունների զարգացմանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։

Կողմերը կարևորել են մասնագիտական շփումների ընդլայնումը, համատեղ ուսումնական միջոցառումների անցկացումը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների և միջազգային առաջավոր փորձի ներդրումը՝ արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

Դեսպան Կորնել Իոնեսկուն ներկայացրել է Ռումինիայի փորձը՝ քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման ոլորտներում։ Նա նշել է, որ ռումինական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացմամբ։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը և իրականացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ՝ ընդգծելով, որ հայ-ռումինական համագործակցության զարգացումը նպաստում է երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության ընդլայնմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն