armenpress.am Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Միացյալ Նահանգների և Իրանի միջև հայտարարված հրադադարի ֆոնին հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի գալու հարավային Լիբանանից։ Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես վարում ենք հստակ քաղաքականություն, ըստ որի Իսրայելի պաշտպանական ուժերը կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում՝ առանց որևէ ժամկետի սահմանափակման՝ պաշտպանելու սահմանները և իսրայելական համայնքները ջիհադիստական տարրերից»,—ասվում է Կացի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ անվտանգության գոտիները «կմաքրվեն տեղական բնակչությունից, իսկ բոլոր ահաբեկչական ենթակառուցվածքները՝ վերգետնյա և ստորգետնյա, այդ թվում՝ սահմանային գյուղերի տները, որոնք ծառայել են որպես ահաբեկչական հենակետեր, կքանդվեն»։
Կացը հավելել է, որ այդ գոտիների պահպանումը «պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանական ուժերի ամենամեծ ձեռքբերումներից է», և հետևաբար Իսրայելը դեմ է զորքերի դուրսբերմանը Լիբանանից՝ չնայած առկա ճնշումներին։
«Վարչապետ Նեթանյահուն այս դիրքորոշումները հստակ ներկայացրել է Դոնալդ Թրամփին և այլ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներին, և ես նույնպես երեկ դա փոխանցել եմ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին»,- հայտնել է Կացը։
«Մենք չենք զիջի Իսրայելի անվտանգության շահերը և մեր քաղաքացիների պաշտպանությունը, և չենք դուրս գա անվտանգության գոտիներից», – նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը՝ նախազգուշացնելով, որ «եթե Իրանը Լիբանանում իրադարձությունների պատճառով հարձակվի Իսրայելի վրա, մենք կպատասխանենք ամբողջ ուժով»։
Հիշեցնենք՝ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Լիբանանին կդադարեցնի ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։