954a5cac-cbfe-4cb8-a2c7-ae26f9dae474_w1023_r1

Իսրայելցի նախարարը խոստացել է շարունակել Իրանում «ռեժիմը տապալելու» արշավը | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության շուրջ ձեռք բերված համաձայնությունը «վատ է Իսրայելի և ամբողջ ազատ աշխարհի համար», և Իսրայելը կշարունակի իրանական «ռեժիմը տապալելու» արշավը, հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը:

«Համատեղ արշավը բազմաթիվ նվաճումներ ունեցավ Իրանի թուլացման գործում, և դրանք ապարդյուն չեն անցնի», – սոցցանցում գրել է աջ ծայրահեղական նախարարը:

«Ռեժիմը տապալելու արշավը ստիպված կլինենք շարունակել ինքներս ու ստեղծագործական եղանակներով և ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա», – հավելել է նա։

Սմոտրիչը խոստացել է շարունակել հարվածներն Իրանի աջակցությունը վայելող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ին Լիբանանի հարավում՝ չնայած հարձակումները դադարեցնելու՝ ԱՄՆ-ի ճնշմանը։

«Սա մեր պատերազմն է, մեր մարտիկների ու մեր հյուսիսային շրջանների բնակիչների անմիջական անվտանգությունը։ Ես կշարունակեմ աշխատել՝ ապահովելու համար, որ մենք անսասան լինենք և [զինվորականներին] գործողությունների լիարժեք ազատություն տանք՝ շարունակելու «Հեզբոլա»-ին հետ մղել», – գրել է նա։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Լիբանանին կդադարեցնի ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։ Իսրայելը, սակայն, հայտարարում է, որ Իսրայելը դուրս չի գալու հարավային Լիբանանից։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը իր հերթին նշել է, որ Իսրայելը կապված չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկված Իրանի հետ համաձայնագրին և մտադիր է ինքնուրույն որոշումներ կայացնել երկրի ազգային անվտանգության վերաբերյալ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն