IMG_4463

Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ | hetq.am

hetq.am  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ Նիկոլ Փաշինյանն իր որոշման մեջ նշել է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։

Որոշումը ստորագրվել է հունիսի 11-ին։ Գործուղումը նախատեսված է 2026թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ։ Առաջին տիկնանց միջոցառումը տեղի է ունենալու Նյու Յորքում։

Վարչապետը հանձնարարել է աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը, որը ներառում է օրապահիկը, գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ, հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայր (Վիեննա) գիշերավարձը։ Թե որքան գումար է նախատեսվում այդ նպատակով հատկացնել՝ հրապարակված չէ։

Հիշեցնենք, որ 2026թ․ փետրվարի 17-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ «Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինել զուսպ, լինել կոռեկտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Աննա Հակոբյանը։

Մարդիկ կարծում էին, թե վարչապետն ու կինը օրինականացրել են իրենց ամուսնությունը և շնորհավորում էին։ Սակայն, օրեր անց՝ փետրվարի 27-ին, Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին տեսանյութ հրապարակեց՝ հայտարարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությունների ավարտի մասին։ Աննա Հակոբյանն ասել էր, որ լքում է կառավարական առանձնատունը եւ տեղափոխվում վարձակալած բնակարան, քանի որ վարկով գնված տունը կառուցման փուլում է։

2026թ․ ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջանքեր է գործադրում ընտանիքը պահպանելու ուղղությամբ և ուրախ է, որ ևս մեկ շանս ունի։

Չնայած հրապարակային հայտարարությունների համաձայն՝ Աննա Հակոբյանը դադարել է վարչապետի կինը լինել, 2026թ․ հունիսի 11-ի այս որոշմամբ նա ներկայանում է վարչապետի տիկնոջ կարգավիճակով, և նրան հատկացվում է պետական ֆինանսավորում՝արտասահմանյան գործուղման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն