jqibq4mjwn2yydulptq2zuw451vsntplxrltw5m8

Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն | armenpress.am

armenpress.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ ամեն ինչ պետք է անել Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար։ Այս մասին հաղորդում է Euronews-ը՝ վկայակոչելով ֆրանսիական TF1 հեռուստաընկերության հետ Մակրոնի հարցազրույցը։

Մակրոնի խոսքով՝ Հորմուզի նեղուցի բացումն ապահովելու ջանքերի շրջանակներում Ֆրանսիան կարող է տեղակայել ինքնաթիռներ և ականազերծող ֆրեգատ, որոնք կարող են ուղարկվել «երկու-երեք օրվա ընթացքում», եթե միջազգային համաձայնագիր կնքվի։

Մակրոնը նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա ազատ նավագնացության համար։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի համոզվենք, որ վճարներ չկան», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը հավելել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը վճարովի հիմունքներով կհակասի միջազգային իրավունքին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնագիրը կապահովի, որ ջրային ճանապարհը մնա «մշտապես անվճար»։

France 24-ի փոխանցմամբ՝ Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են Նիդեռլանդների և Իտալիայի աջակցությամբ ղեկավարել առաքելություն Հորմուզի նեղուցում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված գործարքի իրականություն դառնալուց հետո ծովային ուղու վերաբացմանը նպաստելու համար։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը պետք է «չեզոքացվի» ՄԱԿ-ի հսկողության ներքո։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Լիբանանին կդադարեցնի ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։ Իսրայելը, սակայն, հայտարարում է, որ Իսրայելը դուրս չի գալու հարավային Լիբանանից։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը իր հերթին նշել է, որ Իսրայելը կապված չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկված Իրանի հետ համաձայնագրին և մտադիր է ինքնուրույն որոշումներ կայացնել երկրի ազգային անվտանգության վերաբերյալ։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն