iof94qkchrsypl8t

«Ականատեսը» խիստ վիճահարույց է համարում ԿԸՀ-ի որոշումը

«Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ վիճահարույց է համարում ԿԸՀ-ի գնահատականը, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև հարցականի տակ է դնում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը: Այս մասին հայտարարություն է տարածել դիտորդական առաքելությունը։

«Արձանագրում ենք, որ ընդունված որոշումը խնդրահարույց է ներպետական ընտրական օրենսդրության, միջազգային իրավական չափանիշների, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ապահովման տեսանկյունից։

Թեև ԿԸՀ-ի կողմից կատարված այն պնդումը, թե վերաքվեարկության ժամանակ հանրապետական նախնական արդյունքների հայտնի լինելը կարող է հանգեցնել «տակտիկական քվեարկության», և հետևաբար՝ վերաքվեարկություն չպետք է անցկացվի, բխեցվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի զեկույցից, այնուամենայնիվ, սույն դեպքում այն չի կարող գերակայել քաղաքական ուժի կողմից անցողիկ շեմի հաղթահարման իրական պատկերը պարզելու հրամայականին:

Անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումների և միջազգային ստանդարտների վկայակոչմանը՝ հարկ է ընդգծել նաև, որ ընտրական վարչարարության հիմքում չեն կարող դրվել միջազգային փաստաթղթերի հատվածական մեկնաբանությունները՝ անտեսելով դրանց հիմնարար սկզբունքները։ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական գործընթացների լավ գործելակերպի կանոնագրքի» (Code of Good Practice in Electoral Matters, CDL-AD(2002)023) 3.3 կետը հստակ սահմանում է ընտրական վեճերի դեպքում արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի ապահովման պահանջը։ Տվյալ դեպքում արձանագրված խախտումները, մասնավորապես՝ տեղամասերի փակ լինելուց հետո քվեարկության շարունակությունը կամ որևէ քաղաքական ուժի քվեաթերթիկների բացակայությունը, գտնվում են բացառապես ընտրական մարմինների պատասխանատվության դաշտում։ Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (OSCE/ODIHR) ընտրությունների դիտարկման և վարչարարության ուղեցույցների՝ պետության վարչարարական սխալի բեռը երբեք չի կարող դրվել ընտրողի վրա:

Խնդրահարույց տեղամասերում ավելի քան 3000 ձայների ազդեցությունը մանդատների բաշխման և խորհրդարանական անցողիկ շեմի հաղթահարման վրա անհնար է բացառել առանց հիմնավորված և հրապարակային մաթեմատիկական հաշվարկի ապացույցների։ Նման հաշվարկի չտրամադրումը խաթարում է գործընթացի թափանցիկությունը և արդարացիորեն վտանգում վարչական ակտի օրինականության հանրային ընկալումը։ Այս ընտրողներին իրենց ակտիվ ընտրական իրավունքից զրկելն արդարացնելը տակտիկական քվեարկության մասին ենթադրություններով ուղղակիորեն խախտում է համաչափության իրավական սկզբունքը, հաշվի առնելով այն, որ համապատասխան տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը հանգեցրել է ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի կողմից անցողիկ շեմը չհաղթահարելուն: Նման պայմաններում ընտրական իրավունքի սահմանափակումը՝ ի դեմս քվեի չեղարկման, չի կարող համարվել «համաչափ և անհրաժեշտ միջոց» ընտրական վարչարարության սխալի վերացման համար։

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը ցանկացած ժողովրդավարական գործընթացի լեգիտիմության անկյունաքարն է։ ԿԸՀ-ի այս որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը կարող է ստվերել ընտրական գործընթացի արդարության հանրային ընկալումը»,- նշված է հայտարարության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն