civilnet.am Հուլիսից կմեկնարկի Արցախից բռնի տեղահանված մինչև երեք անդամից բաղկացած ընտանիքների համար բնակարանային խնդրի կարգավորման երկարաժամկետ վարձակալության ծրագիրը: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով տեղահանված անձանց բնակարանային, սոցիալական և զբաղվածության աջակցության ծրագրերի ընթացքն ու վիճակագրությունը:
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ 2025 թվականի փոփոխություններով զգալիորեն ընդլայնվել է այն բնակավայրերի ցանկը, որտեղ տուն գնելու աջակցությունը մեկ անձի հաշվով 3 միլիոն դրամից բարձրացվել է 4 միլիոն դրամի: Նախկին 452 բնակավայրի փոխարեն այս չափը սահմանվել է 611 բնակավայրի համար: 2026 թվականի մարտին լավարկումները շարունակվել են՝ Երևանին սահմանակից մարզերի բնակավայրերում ևս մեկ անձի հավաստագրի չափը սահմանելով 4 միլիոն դրամ: Այս բարելավումը տարածվել է նաև նախկին շահառուների վրա՝ թույլ տալով ավելացող միջոցներն ուղղել այլ ծախսերի: