arm.sputniknews.ru Անապահովության գնահատման նոր համակարգից օգտվելու համար տարբեր փոփոխություններ են արվել, որպեսզի մի շարք ընտանիքների վրա բացառող գործոնները չազդեն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը` ներկայացնելով անապահովության գնահատման նոր համակարգը։
Նշենք, որ համակարգն ամբողջությամբ ներդրվելու է հանրապետությունում հուլիսի 1-ից։ Այն փոխարինելու է ընտանեկան նպաստների այսօր գործող համակարգին։ Նոր համակարգի ներդրման մասին խոսակցությունները սկսվել են 2024 թվականից, բայց կառավարության որոշումն ընդունվել է 2025 թվականին։ Մինչ օրս, որպես պիլոտային ծրագիր, այն իրականացվել է 2 մարզում` Կոտայքում և Սյունիքում։
«Մենք այժմ կառավարությանը փոփոխություններ ենք առաջարկել, որոնք հիմնված են պիլոտային ծրագրի ընթացքում վեր հանված խնդիրների և տեխնիկական բացերի վրա։ Պիլոտային ծրագրի ժամանակ կային որոշ բացառող գործոններ, ինչի արդյունքում նպաստի կարիք ունեցող ընտանիքները դուրս էին մնացել ապահովության գնահատման համակարգից, այժմ այդ բացառող գործոնները չեն լինի, և այդ ընտանիքներն էլ անապահովության նպաստ կստանան։ Ամեն ամիս թվային համակարգը կգնահատի իրավիճակը»,– նշեց Քոչարյանը։
Նա ընդգծեց` հիմնական գործոնը, որի պատճառով մի շարք ընտանիքներ դուրս էին մնում` վարկային պարտավորությունները ժամանակին չմարելն էր ու այն, որ երաշխավոր էին հանդիսանում այնպիսի անձի, որն իր վարկային պարտավորությունը չէր մարել։
Այժմ հաշվի է առնվում վարկի վաղեմության ժամկետը, ինչպես նաև հստակ նշված է այն, թե որքան ժամանակ պետք է մարումներ չլինեն, որ բացառող գործոն չլինի։
Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է կրթությանը։ Նախկինում 18-22 տարեկանների համար եկամուտ չէր վերագրվում, իսկ այժմ տարիքային սահմանափակումը հանվել է։ Այսինքն` անկախ տարիքից, եթե անձը որոշել է ստանալ այլ մասնագիտություն ու այս պահին կրթության փուլում է, ապա նրան եկամուտ չի վերագրվում։