azatutyun.am Իրանի և Լիբանանի դեմ պատերազմների դադարեցումը փոխկապակցված են, և Լիբանանում օկուպացիայի շարունակությունը Թեհրանը դիտարկում է որպես ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի խախտում, հայտարարել է Իրանի արտգործնախարարը։
Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ այս պահից սկսած՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա ցանկացած հարձակում անընդունելի է։ «Լիբանանի տարածքի Իսրայելի կողմից օկուպացիայի շարունակությունը փոխըմբռնման հուշագրի խախտում է»,- ասել է նա։
Իրանի գլխավոր դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-Իրան առաջիկա բանակցությունները երկու փուլով կանցկացվեն։ Առաջինը կներառի այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հորմուզի նեղուցի կարգավիճակը, ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը և Իրանի ենթակառուցվածքների վերակառուցումը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունից հետո։
Իսկ բանակցությունների հետագա փուլը կներառի միջուկային ծրագրին առնչվող հարցերն ու Իրանի դեմ պատժամիջոցների մեղմումը, որոնք կլուծվեն վերջնական համաձայնագրով։
Արաղչին նաև ասել է, որ պատերազմի ավարտի մասին փաստացի հայտարարվել է երեկ, երբ Իրանն ու ԱՄՆ-ն վերջնական տեսքի բերեցին համաձայնագիրը։
Նրա խոսքով՝ փոխըմբռնման հուշագիրը պաշտոնապես ուժի մեջ կմտնի ուրբաթ։