«Ազգային հեղափոխություն» կուսակցությունը չի գրանցվել Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից՝ գաղափարական-ծրագրային պատճառաբանությամբ։ Այս մասին տեղեկանում ենք «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից։
«Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ որևէ կուսակցության գրանցումը մերժվում է գաղափարախոսական և ծրագրային հիմքով։
ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը որոշում է կայացրել «Ազգային հեղափոխություն» կուսակցության գրանցման դիմումը վերադարձնելու մասին։ Այս գործընթացն իրավականորեն տարբերվում է գրանցման պաշտոնական մերժումից, սակայն փաստացի հանդիսանում է մերժում կամ դրա մեղմ տարբերակը։
Պետական ռեգիստրն իր որոշումը հիմնավորել է 6 կետերով։
Բացի կանոնադրական և տեխնիկական որոշակի պատճառներից (որոնց մասին հետագայում կտեղեկացնենք ավելի մանրամասն), որպես հիմնական պատճառաբանություն ներկայացվել են «Ազգային հեղափոխություն» կուսակցության
ծրագրում առկա «մի շարք դրույթներ», որոնք որակվել են որպես «խնդրահարույց և պատերազմ քարոզելու նպատակ պարունակող»։ Մասնավորապես, մեջբերվել է կուսակցության ծրագրի մոտակա նպատակների Ե. կետը, որում ասվում է, որ «եթե Ադրբեջանը կամովին չի ազատում 2021-2022թթ. Հայաստանից օկուպացված տարածքները, ապա դրանք պետք է ազատագրվեն հատուկ ռազմական գործողությամբ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»։
Այդ կետը պետական ռեգիստրի կողմից որակվել է որպես պատերազմի քարոզ, ինչը իբր հակասում է ՀՀ Սահմանադրության 77-րդ հոդվածին («Արգելվում է հիմնական իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով») հակասող դրույթ։
Հարկ ենք համարում ընդգծել, որ ծրագրում հատուկ նշված է, որ խոսքը վերաբերում է այն տարածքներին, որոնք Ադրբեջանի կողմից օկուպացվել են 2020 թվականի պատերազմից հետո՝ 2021 և 2022 թվականների ընթացքում (Ջերմուկ, Վարդենիս, Սյունիք և այլ վայրեր)՝ այսինք այսպես կոչված «իրական» Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
Անհրաժեշտ է ներկայացնել նաև այս ծրագրային դրույթի համատեքստը, քանի որ նախքան այդ կետը ծրագրում հատուկ նշված է, որ առաջին փուլում Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտոնական պահանջ ներկայացնի Ադրբեջանին և միջազգային դերակատարներին։
Այդ պահանջի նպատակն է, որպեսզի Հայաստանի նշված օկուպացված տարածքները վերադարձվեն՝ ի նշանավորումն և ի ապացույց այն բանի, որ Ադրբեջանն իրոք ձգտում է խաղաղության Հայաստանի հետ։
Միայն այն դեպքում, երբ այդ պահանջները չեն բավարարվում, Հայաստանի Հանրապետությունն արդեն պարտավո՛ր է ռազմական գործողությունների միջոցով ազատագրել այդ տարածքները։
Հետևաբար, խոսքը ոչ թե անմիջապես ռազմական գործողություններ սկսելու, այլ նախ և առաջ դիվանագիտական պահանջ ներկայացնելու մասին է (միանգամայն օրինական պահանջ), որի չկատարման դեպքում միայն պետք է դիմել ռազմական ճանապարհով տարածքների ազատագրմանը։
Այս համատեքստում ակնհայտ է, որ Սահմանադրության որևէ դրույթի խախտման մասին խոսք լինել չի կարող։
Ավելին՝ պետությունը ոչ միայն իրավունք ունի, այլև ուղղակիորեն պարտավո՛ր է վերականգնել ու ապահովել իր տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև երաշխավորել իր տարածքի և քաղաքացիների անվտանգությունը։ Շեշտում ենք՝ սա պետության ոչ թե պարզապես իրավունքն է, այլ առաջնային պարտքն ու պարտականությունը, և հենց սա՛ է ամրագրված Սահմանադրության՝ Զինված ուժերին վերաբերող 14-րդ հոդվածում։
Ըստ այդմ՝ սահմանադրական խախտում է համարվում հենց այն իրավիճակը, երբ պետությունն այդ նպատակն առնվազն չի հետապնդում և չի հռչակում, քանի որ պետության տարածքային ամբողջականության ապահովումը սահմանադրական ուղղակի պարտականություն է։
Ոչ պաշտոնական մակարդակում ներկայացված պահանջները
Ի սկզբանե, ոչ պաշտոնական մակարդակում, սա մեր ծրագրին ներկայացված միակ պահանջը չէր։
Ոչ պաշտոնապես մեզ ներկայացվել էր պահանջ՝ փոփոխելու ծրագրի ընդհանուր տրամաբանությունը և դրանից դուրս հանելու ուժային գործոնի վերաբերյալ բոլոր հիշատակումները, որոնք, սակայն, միանգամայն օրինական են և հիմնավորված ինչպես միջազգային իրավունքով, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ։
Ոչ պաշտոնապես պահանջվում էր փոփոխել ևս երկու կետ.
Առաջին կետը վերաբերում էր նրան, որ Հայաստանի վրա հարձակման (ագրեսիայի) և պաշտպանության անհրաժեշտության դեպքում պետք է ձգտել ռազմական գործողությունները տեղափոխել թշնամու տարածք, ինչը լրիվ բնական ռազմական մարտավարություն (տակտիկա) է։
Երկրորդ պահանջը կապված էր Արցախին վերաբերող կետերի հետ, որտեղ նույնպես հիշատակվում էր ուժային գործոնը։
Այս երկու պահանջները փաստացի չեն ներառվել պաշտոնական փաստաթղթի մեջ, հավանաբար այն պատճառով, որ դրանց հեղինակները նույնպես գիտակցել են դրանց լիակատար սնանկությունը (թեև բոլոր ներկայացված պահանջներն էլ հավասարապես սնանկ են)։
Արդյունքում՝ նշված երեք կոնկրետ պահանջներից և ընդհանուր դիտողություններից պաշտոնական փաստաթղթում մնացել է միայն մեկը։
Կանոնադրությանը վերաբերող պահանջներ
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում կանոնադրության վերաբերյալ «խնդրահարույց» կետերը։ Դրանցից է, օրինակ, կուսակցության ղեկավարման ռոտացիոն և կոլեգիալ սկզբունքը։ Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված է, որ կուսակցությունը չի ունենալու մեկ նախագահ. վարչության անդամները ռոտացիոն կարգով, սահմանված ժամկետներով ընտրվելով և հերթափոխով, իրականացնելու են նախագահի՝ օրենքով նախատեսված բոլոր գործառույթները։
Ուշագրավ է, որ պետական մարմինը, առանց բավարար իրավական հիմնավորման, փաստացի պահանջում է, որպեսզի կուսակցությունն ունենա միանձնյա ղեկավարում՝ հրաժարվելով ավելի ժողովրդավարական, կոլեգիալ և ռոտացիոն սկզբունքներից։
Այս պահանջը, թեև վերաբերում է կանոնադրությանը, իր բնույթով նույնպես գաղափարական է, քանի որ կոլեգիալ ու ռոտացիոն կառավարումը մեզ համար սկզբունքային մոտեցում է։
Գաղափարական պատճառներով գրանցման մերժումը և դրա նշանակությունը
Որքան մեզ հայտնի է, սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ որևէ կուսակցություն պետական ռեգիստրի կողմից չի գրանցվում ոչ թե տեխնիկական կամ կանոնադրական, այլ բացառապես ծրագրային-գաղափարական պատճառներով։
Հաստատապես կարող ենք պնդել, որ վերջին շրջանում՝ հատկապես 2018թ. հետո, ինչպես նաև ավելի տևական կտրվածքով, սա առաջին դեպքն է, երբ որևէ կուսակցություն ընդհանրապես չի գրանցվում։
Խոսքն այստեղ չի կարող վերաբերել Սահմանադրության խախտմանը։ Սա իր հերթին ապացուցում է, որ ներկա կառավարության համար իրական վտանգը և, հետևաբար, գործող իշխանության իրական այլընտրանքը հենց գաղափարական հակադրությունն ու այլընտրանքային ծրագրի և մոտեցման ձևակերպումն է։
Հենց այս պատճառով էլ մեզ, ի տարբերություն մնացած բոլոր՝ լավ թե վատ, մեծ թե փոքր ուժերի, թույլ չտվեցին մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, որովհետև իրական վտանգը տեսել են գաղափարի մեջ։ Խնդիրն այն չէ, որ այդ գաղափարն անպայման հաղթելու էր, կամ ստանալու էր ձայների բացարձակ մեծամասնությունը, այլ այն, որ այդ գաղափարը իրական վտանգ է այսօրվա քաղաքական կուրսին։ Հենց այսպիսի գաղափարական հակադրությունն է հանդիսանում իրական պայքար համակարգի, այլ ոչ թե սոսկ անձերի դեմ։
Սա նշանակում է լինել համակարգից դուրս, ինչը սկզբունքորեն տարբերվում է «հակահամակարգային» այլ ձևական ձևակերպումներից՝ լինեն դրանք զուտ ֆորմալ օրենսդրական փոփոխություններ, ֆինանսական գործոններ, հայհոյանքներ, անձնակենտրոն հարցեր կամ որևէ արտաքին կողմնորոշում։
Այս պաշտոնական, գրավոր մերժմամբ համակարգը փաստացի ցույց տվեց, որ իր համար վտանգ և խնդիր են երկու գործոն՝ գաղափարական հակադրությունը և ոչ անձնակենտրոն, թիմային կազմակերպությունը։ Սրանով իսկ բացահայտվեց, թե որն է հաջողության հասնելու իրական ճանապարհը՝ գաղափարախոսություն և թիմային, ոչ անձնակենտրոն կառույց։
Սա արձանագրում ենք ոչ թե այլ ուժերին նսեմացնելու համար, այլ որպես փաստ, քանի որ մենք միակ քաղաքական նախագիծն ենք, որը մերժվել է ակնհայտորեն՝ առանց որևէ օրինական հիմքի։
Հայաստանի ինքնիշխանության ճգնաժամը և արտաքին միջամտությունը
Սա նաև ապացույց ու վկայություն է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ինքնիշխան և անկախ պետություն չէ։ Ինքնիշխան պետության թիվ մեկ հատկանիշն ու ատրիբուտը սեփական տարածքի անվտանգության և ամբողջականության ապահովումն է։ Դա ոչ թե ինքնիշխանության սոսկ հատկանիշներից մեկն է, այլ թիվ մեկ ատրիբուտը՝ ինքնիշխանությունը սկսվում է սահմաններից, և միայն հետո տարածվում մնացած ոլորտների վրա։
Փաստացի, Հայաստանն այսօր սահմանափակ ինքնավարությամբ վարչական մի տարածք է, որը նույնիսկ ներքաղաքական այնպիսի հարցերում, ինչպիսին է ընդդիմադիր (տվյալ դեպքում՝ նույնիսկ ոչ խոշոր) քաղաքական ուժի գրանցման խնդիրը, փաստացի վախենում է արտաքին՝ կոնկրետ Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքից։ Իշխանությունն իր քայլերն իրականացնում է՝ մտքում մշտապես ունենալով այդ հնարավոր արձագանքը, ինչը այլ բացատրություն չի կարող ունենալ, քան վախը։
Նման մոտեցումը, ըստ էության, ամրագրված է նաև փաստաթղթով՝ օգոստոսի 8-ի հայտնի հայտարարության համապատասխան կետով, որտեղ արձանագրված է, որ ռևանշի որևէ դրսևորում պետք է բացառվի։
Ինչպես բազմիցս նշել ենք, սա նշանակում է առնվազն Ադրբեջանին տալ լծակ՝ ցանկացած պատրվակով և ցանկացած պահի միջամտելու և խառնվելու Հայաստանի ներքին գործերին։ Այն ամենը, ինչը նրանց կողմից իրենց հարմար ժամանակ և առիթով կմեկնաբանվի որպես ռևանշի փորձ, նրանք արդեն կարող են օգտագործել, քանի որ այդ լծակն արդեն միջազգայնորեն ամրապնդված է, ինչն էլ հանդիսանում է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում։
Մեր կուսակցության չգրանցվելը ևս սրա հետևանքն է. Հայաստանն այս կետով զիջել է իր ինքնիշխանությունը և պարտավորվել է բացառել ռևանշը (թեև տվյալ դեպքում խոսքը նույնիսկ ոչ թե ռևանշի, այլ ինքնիշխան տարածքների վերադարձի մասին է)։ Իշխանությունը, իրեն ապահովագրելով հնարավոր արձագանքից, գնում է նմանատիպ ապօրինի քայլերի՝ արտաքին «գործընկերներին» ավելորդ անգամ չգրգռելու համար։
Ուստի անկախության մակարդակի բարձրացման մասին կառավարող խմբակի ողջ խոսույթը ընդամենը մանկապարտեզի երեխաների համար նախատեսված հեքիաթներ են, ինչը փաստարկվում և ապացուցվում է բազմաթիվ այլ գործոններով։
Իրականության մեջ մենք ոչ միայն ավելի անկախ չենք դառնում, այլև օրեցօր կորցնում ենք անկախության ունեցած մակարդակը։
Բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով որպես «չարյաց փոքրագույն» կամ որպես իբր ավելի «անկախական» ուժ, դեռևս աջակցում և քվեարկում են ներկա կառավարության օգտին, շատ լուրջ պետք է մտածեն այս ամենի շուրջ։
Սահմանադրական հանրաքվեն և մոբիլիզացիայի անհրաժեշտությունը
Օգտվելով առիթից՝ զգուշացնում ենք, որ մոտ ապագայում, երբ Սահմանադրության փոփոխության հարցը դրվի հանրաքվեի, այդ հանրաքվեին հստակ «ՈՉ» ասելուց և ժողովրդին այդ «ՈՉ»-ի շուրջ մոբիլիզացնելուց բացի, ցանկացած այլ մոտեցում նույնքան վտանգավոր ծուղակ է։ Լինի դա բոյկոտի, անտարբերության տարբերակը, թե սեփական, այլընտրանքային սահմանադրական նախագիծ առաջարկելը, նույնքան վտանգավոր են, որքան ընտրությունների ժամանակ կառավարության դեմ մղվող անգաղափար ու անբովանդակ պայքարը։ Բացի «ՈՉ»-ից և դրա շուրջ ժողովրդի մոբիլիզացիայից, ցանկացած այլ տարբերակ օգնելու է և ձեռնտու է լինելու կառավարող խմբին ու նրա արտաքին հովանավորներին՝ տվյալ դեպքում Ադրբեջանին ու Թուրքիային։
Մեր ուղին և «Ազգային Հեղափոխություն» կուսակցության անելիքները
Ինչ վերաբերում է մեր ուղուն, ապա այն միշտ եղել է պայքարի ճանապարհը, այլ ոչ թե բողոքելու կամ դժգոհելու։ Մեր ճանապարհը պայքարն է, և մենք շարունակելու ենք պայքարել նաև այն բանի համար, որ Հայաստանում ձևավորվի իրական գաղափարական այլընտրանքային քաղաքական ուժ՝ ի դեմս «Ազգային Հեղափոխություն» կուսակցության։
Մենք շարունակելու ենք մեր ջանքերը և հասնելու ենք օրենքով դրա գրանցմանը, զուգահեռ ձեռնարկելով նաև բոլոր իրավական և քաղաքական քայլերը։
Մենք հիմա էլ համարում ենք, որ մեր քաղաքական ուժը փաստացի գոյություն ունի՝ նախ ի դեմս Մարտական Եղբայրություն միաբանության, որը հռչակել է քաղաքական նպատակներ, մշակում է քաղաքական ծրագրեր և ներկայացնում քաղաքական հայացքներ։
Բացի այդ, համարում ենք, որ «Ազգային Հեղափոխություն» կուսակցությունը նույնպես փաստացի գոյություն ունի՝ անկախ իրավաբանական անձի կարգավիճակ ունենալ չունենալուց։ Այն գոյություն ունի և գործելու է որպես քաղաքական միավոր, որովհետև առկա է թիմը, կորիզը, գաղափարախոսությունն ու ծրագրերը. թուղթը չէ, որ մեզ դարձնելու է իրական քաղաքական ուժ։
Մենք կշարունակենք մեր ջանքերը պաշտոնական գրանցման ուղղությամբ՝ բնականաբար առանց զիջելու մեր սկզբունքային գաղափարական կետերը։ Շարունակելու ենք մեր պայքարն ու ջանքերը՝ ապացուցելու համար, որ հաղթանակի ճանապարհն անցնում է գաղափարական ու կազմակերպված պայքարի միջով։
Մեր ընտրած ուղին թեև բարդ է, բայց միակ իրատեսական և ճիշտ ճանապարհն է երկիրը նորից ոտքի կանգնեցնելու, հայ ժողովրդին իր պատիվը վերադարձնելու, նրան կրկին քաղաքական սուբյեկտի վերածելու և իրական, անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու համար։
Մեր հետագա քայլերի մասին կհաղորդենք լրացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ։