ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց քրեական հետապնդում իրականացնելու «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Այդ մասին ԿԸՀ բակում լրագրողներին հայտնել է պաշտպան Արամ Օրբելյանը:
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազությունը:
Արամ Օրբելյանի պնդմամբ՝ միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ։
Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Դատախազությունը երկու մեղադրանք է պատրաստվում ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին՝ պաշտոնական դիրքի չարաշահում և փողերի լվացում։
«[Փաստերը] վերաբերում են 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, նրա ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն»,- մանրամասնել էր Օրբելյանը:
Նրա խոսքով՝ հետագայում, երբ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Ըստ նրա՝ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։
Խոսքը «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ գտնվող՝ «Մաստեր կլաս» թենիսի կորտերի տարածքի մասին է