8jrlxjy5uds1imtv

Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին

Հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։ Այս մասին հայտնում են Մայր աթոռից։

«Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն և թեմական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։։Ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց պատվիրակության անդամներին՝ մարդու իրավունքների պաշտպանության, կրոնական ազատության և ժողովուրդների միջև երկխոսության խթանման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների համար։ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ կազմակերպության կողմից գործադրվող ջանքերին՝ ի նպաստ Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հիմնահարցերի բարձրաձայնման և միջազգային հարթակներում դրանց պատշաճ ներկայացման ուղղությամբ՝ հատկապես մեր երկրի համար դժվարին այս ժամանակներում։

Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր, կրթադաստիարակչական և ազգապահպան առաքելության մասին՝ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Եկեղեցին իր ծառայությունն է իրականացնում ի խնդիր հայորդիների հոգևոր կյանքի զորացման, ազգային միասնության ամրապնդման և հասարակական կյանքում հոգևոր-բարոյական արժեքների հաստատման։

Դոկտոր Փոլ Մյուրեյը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության այցի նպատակը և վերահաստատելով կազմակերպության պատրաստակամությունը՝ զորակցելու Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին և ըստ ամենայնի նպաստելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացներին՝ ընդգծելով, որ տևական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ժողովուրդների իրավունքների հարգման և արժանապատիվ համակեցության սկզբունքների վրա»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն