Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը հունիսի 16-ին հրապարակած որոշմամբ արձանագրել է, որ 2025 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված՝ Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանից։
Գործը քննվել է գրավոր ընթացակարգով՝ Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանի նախագահությամբ։ Դատարանում Կառավարությունը ներկայացրել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Համաձայնագիրը ստորագրվել է Աստանայում՝ նպատակ ունենալով ապահովել երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության և տեղակայման պատշաճ պայմանները։ Փաստաթղթով նախատեսվում է, որ Հայաստանը և Ղազախստանը փոխադարձության սկզբունքով միմյանց կտրամադրեն հողատարածքներ՝ դեսպանությունների շենքերի և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման համար։
Մասնավորապես, հայկական կողմը 49 տարի ժամկետով Ղազախստանի Հանրապետությանը տրամադրում է Երևանի Ծովակալ Իսակովի պողոտա 17/1 հասցեում գտնվող 0,33 հեկտար մակերեսով հողատարածք՝ տարեկան մեկ դրամ վարձավճարով։ Նույն պայմաններով ղազախական կողմը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է Աստանայի Արգանատի փողոց, տարածք 24/2 հասցեում գտնվող 0,33 հեկտար մակերեսով հողատարածք՝ տարեկան մեկ տենգե վարձավճարով։
Համաձայնագրով կողմերը պարտավորվում են ապահովել տրամադրվող հողատարածքների իրավական մաքրությունը, դրանց նպատակային օգտագործումը, ինչպես նաև անհրաժեշտ իրավական ձևակերպումների իրականացումը։ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է սեփական միջոցների հաշվին ապահովել ինժեներական ցանցերի և հաղորդակցուղիների անցկացումը մինչև Ղազախստանի դեսպանության համար տրամադրված տարածքի սահմաններ։
Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցումը կիրականացվի ընդունող պետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան թույլտվությունների ստացումից հետո։ Բացի այդ, հողատարածքներն ու դրանց վրա կառուցված շենքերը կազատվեն ընդունող պետության կողմից սահմանվող հարկերից և պարտադիր այլ վճարումներից՝ բացառությամբ հողի օգտագործման վարձավճարի։
Համաձայնագիրը կնքվել է 49 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ 49-ամյա ժամանակահատվածներով, եթե կողմերից որևէ մեկը նախապես չհայտնի դրա գործողությունը չերկարաձգելու մտադրության մասին։
Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ ընդգծել է, որ համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված արտաքին քաղաքականության նպատակներին, որոնք ուղղված են միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը։
Դատարանի որոշման համաձայն՝ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։