l-0x0wh-786x458z-1-109

Կադաստրային քարտեզների ուղղման գործընթացն առավել կհստակեցվի, կընդլայնվի ուղղումների շրջանակը. նախագիծ | 1lurer.am

1lurer.am  Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանն իր խոսքում ուշադրություն հրավիրեց մի նախագծի վրա, որը թիրախավորում է մի խումբ կարևոր խնդիրների լուծումներ: Խոսքը վերաբերում է կադաստրային քարտեզներում հայտնաբերված առկա անճշտությունների և սխալների լուծման կարգին:

Նրա խոսքով՝ կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալներն ուղղելու համար այս պահի դրությամբ առկա են գործող կարգավորումներ, սակայն դրանք կարգավորված են ենթաօրենսդրական մակարդակով, այսինքն՝ Կառավարության որոշմամբ:

Ղազարյանն այնուհետև պատմական ակնարկով պարզաբանեց, թե ինչ են իրենցից ներկայացնում կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալները, ներկայացրեց՝ ինչ են առաջարկում այսօր վերոնշյալ նախագծով:

«Առաջարկում ենք, որպեսզի հարաբերությունների կարգավորումը տեղափոխվի օրենքի մակարդակ, որպեսզի օրենքով հնարավորություն ունենանք որոշակի ավելի ընդգրկուն լիազորություններ տրամադրելու այն մարմնին, որն իրականացնում է վարչարարությունը, այսինքն՝ խոսքը Կադաստրի կոմիտեի մասին է: Լրացումներ-փոփոխությունները կատարում ենք «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում,  որովհետև պետք է շեշտեմ, որ գույքի գրանցումը և կադաստրային քարտեզը դրանք անխզելի կապի մեջ են գտնվում, այսինքն՝ եթե կատարվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցում, եթե առաջին անգամ է, պետք է արտացոլվի կադաստրային քարտեզում, եթե մակերեսը փոփոխվում է, նույն փոփոխությունը պետք է արտացոլվի կադաստրային քարտեզում, և գործնականում ի հայտ եկած մեծածավալ խնդիրների համար փորձում ենք դասակարգելով առաջարկել որոշակի լուծումներ»,- ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը՝ այնուհետ ներկայացնելով, թե ինչպես է կարգավորվելու վարչարարությունը օրենքի ընդունման արդյունքում:

Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում կադաստրային քարտեզների ուղղման գործընթացն առավել կհստակեցվի, կընդլայնվի կադաստրային քարտեզում իրականացվող ուղղումների շրջանակը, հստակ կսահմանվեն պահանջվող փաստաթղթերը, դրանց ներկայացման ընթացակարգերը:

Նման փոփոխությունների ընդունման արդյունքում հնարավոր կլինի ստեղծել բավարար իրավական հիմքեր՝ նշված ոլորտում առաջացող բազմաթիվ դատական և արտադատական վեճերի լուծմանն ուղղված նոր մեխանիզմներ ունենալու, ինչպես նաև զարգացող դատական պրակտիկային համահունչ գործելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն