arman-babajanyan-2

Սահմանադրական դատարանից մեր ակնկալիքը երեք մակարդակի վրա է. Արման Բաբաջանյան

Սահմանադրական դատարանից մեր ակնկալիքը երեք մակարդակի վրա է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ ներկայացնելով իրենց ակնկալիքները․

«Առաջինը՝ իրավական գնահատական։ Դատարանը պետք է արձանագրի՝ ընտրակաշառքի բացահայտված և հիմնավոր կասկած առաջացնող ծավալները եղել են առանձին դրվագնե՞ր, թե՞ ընտրողի կամքի վրա համակարգային ազդեցության մեխանիզմ։ Սա առանցքային հարց է, որովհետև համակարգային ընտրակաշառքը արդեն հարված է ոչ միայն ընտրական օրենսդրությանը, այլև ժողովրդական իշխանության սահմանադրական սկզբունքին։

Երկրորդը՝ քաղաքական-սահմանադրական հետևանքների գնահատում։ Դատարանը պետք է քննության առարկա դարձնի, թե այդ մեխանիզմներից որ քաղաքական ուժերն են շահել, ինչ ծավալով են խեղաթյուրվել հավասար մրցակցության պայմանները, և արդյոք այդ ուժերի ստացած քվեն կարող է դիտվել որպես ժողովրդի ազատ կամքի լիարժեք արտահայտություն։

Երրորդը՝ արտաքին միջամտության բաղադրիչի գնահատում։ Եթե ընտրական գործընթացում առկա են եղել օտար կենտրոններից ուղղորդվող ֆինանսական, կազմակերպչական, քարոզչական կամ հոգեբանական ճնշման մեխանիզմներ, ապա դա այլևս սովորական ընտրախախտում չէ։ Դա ազգային անվտանգության և սահմանադրական կարգի պաշտպանության հարց է։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում սահմանադրական դատարանները չեն կարող սահմանափակվել ձևական հաշվարկով․ նրանք պարտավոր են գնահատել ընտրության ամբողջական բարեվարքությունը։

Մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը հաշվի կառնի ոչ միայն պետական մարմինների նյութերը, այլև միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները, տեղական դիտորդական կազմակերպությունների արձանագրումները, քրեական վարույթների փաստական պատկերը, հրապարակային հաղորդումները և ընտրական միջավայրի ամբողջական քաղաքական համատեքստը։

Սահմանադրական դատարանի առաքելությունն է պաշտպանել ոչ միայն ընտրության արդյունքը, այլև ընտրության ազատությունը։ Իսկ եթե ընտրության ազատությունը ստվերվել է փողի, վախի, արտաքին ազդեցության և կազմակերպված ապօրինի մեխանիզմների միջոցով, ապա դատարանը պարտավոր է տալ հստակ, խորքային և պետության դիմադրողականությունը ամրապնդող որոշում։

Ժողովրդավարությունը պաշտպանվում է ոչ թե խախտումները լռեցնելով, այլ դրանց սահմանադրական հետևանքներին ուղիղ նայելով»,- նշել է Բաբաջանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն