Մաքուր իրավական լուծում է տրված հարցին, որևէ քաղաքական շահարկման տեղ ընդհանրապես չկա:
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ 3 տեղամասում քվեարկությունը անվավեր է ճանաչվել՝ առանց վերաքվեարկության նշանակման:
Փաշինյանը պնդեց, որ այդ տեղամասերում ՔՊ-ն 1800 ձայն է ստացել, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձևավորել է մեծամասնություն. «Այդ տեղամասերում քվեարկել են այն պրապորցիաներով, ինչ ընդհանուր պատկերն է, և քաղաքացիների ձայնը այդքանով արտահայտվել է»:
Նա ընդգծեց, որ մնացած հարցերը օրենքի տիրույթում են. «Ընտրական օրենսգրքով հստակ բանաձև է դրված, և այդ բանաձևը հաշվարկել է: Հիմա ինչ են ասում, ինչ չեն ասում, վերև են թռնում, ներքև են իջնում, հստակ բանաձևը դրված է, և այն նոր չի ստեղծվել»:
Փաշինյանը հիշեցրեց, որ ընտրություններից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ լրագրողները հենց այդ տեղամասերում քվեարկության մասին հարցեր էին տալիս, քաղհասարակությունն էլ պահանջում էր, որ անվավեր ճանաչվի այդտեղի քվեարկությունը:
Դիտարկմանը, որ խոսքը վերաքվեարկություն չնշանակելու մասին է, Փաշինյանն արձագանքեց. «Բաց քվեարկություն ո՞նց կարող է տեղի ունենալ, ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, Վենետիկի հանձնաժողովն ու ՍԴ-ն էլ են անդրադարձել»: