gvadtcicoo2cu1rj8l9cur57fdjq5jqjes4vsdh7

Կառավարությունը զբաղվածության նոր ծրագիր կներդնի հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցողների համար | armenpress.am

armenpress.am Կառավարությունը հավանության արժանացրեց հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության նոր ծրագրի ներդրմանը, որի մեկնարկը կտրվի 2027 թվականի հունվարի 1-ից։

Նախագծի զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության հունիսի 18-ի նիստում նշեց, որ առաջարկվում է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության համար նոր ծրագիր։

«Նպատակն է մեծացնել այդ անձանց հնարավորությունները, մրցունակությունը աշխատաշուկայում և նրանց համար կայուն զբաղվածություն ապահովել։ Ծրագրի իրականացումը կնպաստի այդ անձանց ակտիվ ներգրավվածությանը հասարակական և տնտեսական կյանքում՝ ապահովելով արժանապատիվ ինքնաիրացում, լրացուցիչ եկամուտների ձևավորում և սոցիալական ակտիվության բարձրացում»,-պարզաբանեց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 63-ից բարձր տարիքի բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ունենալ մասնագիտական բարձր ներուժ և հասարակության համար օգտակար գործունեություն իրականացնելու ցանկություն, սակայն ոչ միշտ է հաջողվում իրականացնել դա։

«Առաջարկում ենք աջակցություն տրամադրել այն գործատուներին՝ բացառությամբ հանրային ծառայություններ իրականացնողներին, որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրեր կկնքեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կամ 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ, այդ թվում՝ կարող են կնքվել 1 կամ կես դրույքով»,-պարզաբանեց Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ, մասնավորապես, առաջարկվում է առաջին երեք ամիսների համար եկամտային հարկի փոխհատուցում՝ 50 տոկոսի չափով՝ ոչ ավել, քան 25 հազար դրամը, 4-6 ամիսների համար՝ 100 տոկոսի չափով՝ ոչ ավել, քան 50 հազար դրամը։

«Առաջարկում ենք ծրագիրը սկսել 2027 թվականի հունվարի 1-ից, քանի որ դեռևս որոշակի նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականացվեն, մասնավորապես թվային համակարգում»,-պարզաբանեց Թորոսյանը՝ հավելելով, որ եթե ծրագիրը հաջող ընթացք ունենա, ապա կկիրառվի նաև այլ խմբերի քաղաքացիների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն