ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ/IOTA) 30-րդ Գլխավոր համաժողովի շրջանակում մասնակցել է «Հարկային վարչությունների ուժեղացում՝ հարկային համապատասխանության մարտահրավերների հաղթահարման նպատակով՝ արհեստական բանականության և վարքագծային վերլուծությունների կիրառմամբ» խորագրով քննարկումներին։ Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև ՀՀ ՊԵԿ-ի փորձը՝ հարկային վարչարարությունում արհեստական բանականության գործիքների կիրառման ուղղությամբ։
Գլխավոր համաժողովի շրջանակում կայացել է նաև երկկողմ հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և ՀՄՆԿ Գործադիր քարտուղար Ալիքս Պերինյոն դե Տրուայի միջև։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի անդամակցության շրջանակում գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև համագործակցության հետագա զարգացման ուղղություններն ու հնարավորությունները` ընդգծելով եվրոպական չափանիշներին համապատասխան հարկային համակարգի ձևավորման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՄՆԿ Գործադիր խորհրդի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին, ինչպես նաև Հայաստանի կողմից 2027–2028 թվականներին ՀՄՆԿ նախագահության ստանձնման և աշխատանքների արդյունավետ իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության ամրապնդման պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերը կնպաստեն ժամանակակից, ճկուն և արդյունավետ հարկային վարչարարության զարգացմանը։