hqdefault-7

Բոլոր ընդդիմադիր ուժերով հանրահավաք կանցկացնենք. Սամվել Կարապետյան | news.am

news.am Ավարտվեցին աշխարհի ամենախայտառակ, բարոյական առումով ամենաանբարոյական կազմակերպված ընտրությունները։ Այս մասին մի քանի խմբագիրների տված հարցազրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Մեր ժողովուրդը, կարելի է ասել, հերթական անգամ, ինձ թվում է դեռ ժամանակավոր, բայց կրեց պարտություն, քանի որ այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետք է կազմակերպել ընտրությունները։ Նրանք ամբողջությամբ տապալեցին նախընտրական պրոցեսները, տապալեցին ընտրության օրը կազմակերպված պրոցեսները, ամբողջությամբ տապալեցին հաշվարկը։ Բոլորս տեսանք, որ առաջին անգամ աշխարհում հաշվարկի ժամանակ կանգնեցրեցին հաշվարկի պրոցեսը, այն էլ մի քանի ժամով։ Դա լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ հաշվարկը արել են ամբողջությամբ իրենց օգտին։

Դրա համար ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես։ Մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա շատ կարևոր է մեր երկրի և ժողովրդի համար այս համախմբումը։

Ինձ թվում է՝ այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»,–ասաց նա։

Սամվել Կարապետյանն առաջարկեց ստեղծել համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում բոլոր պրոբլեմները ժողովրդին ներկայացնեն. «Ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով, որն է ճիշտը, գնանք այդ քայլերով, քանի որ մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ հիմա տարբեր կարծիքներ կան»,–ընդգծեց նա։

Անդրադառնալով մանդատները վերցնելու կամ չվերցնելու խնդրին, «Ուժեղ Հայաստանի» ղեկավարն ասաց. «Մենք ուզում ենք բաց, թափանցիկ, շփվենք ժողովրդի հետ, բացատրենք վերցնելու պլյուսներն էլ, մինուսներն էլ և հասկանանք՝ վերցնելով ենք մենք կարողանում շուտ հեռացնենք Փաշինյանին իր պաշտոնից, թե՞ չվերցնելով։

Մենք, որպես «Ուժեղ Հայաստան» դաշինք, պատրաստ ենք երկուսին էլ, բայց պետք է անենք առավելագույնս ճիշտ քայլեր, որպեսզի հետագայում չտանք հնարավորություն Փաշինյանին միանձնյա կառավարել, միանձնյա ընդունել Ալիևի բոլոր նարատիվները, միանձնյա ընդունել մեր երկրի համար շատ վտանգավոր Սահմանադրությունը։

Մենք ջրբաժանի առաջ ենք կանգնած՝ կունենա՞նք հաջորդ հնգամյակում Հայաստան, թե՞ կունենանք Ադրբեջանի մարզ՝ Ադրբեջանի մարզպետով, ինչը հիմա մենք ունենք։ Դրա համար մենք հրավիրում ենք համագործակցության բոլոր ընդդիմադիր ուժերին և միասին պայքարենք այս ժամանակահատվածում և միասին տանենք հաղթանակ։

Ես վստահ եմ՝ հաղթանակը հեռու չէ, հաղթանակը մոտ է, դրա համար պետք է մենք անենք ճիշտ քայլեր։

Ես առաջարկում եմ՝ դիմենք ԱՄՆ–ի ղեկավարությանը, Եվրոպայի կարևոր պետությունների ղեկավարներին, Ռուսաստանի ղեկավարին, Չինաստանի ղեկավարին, և ես հուսով եմ՝ այս երկրներից մենք կունենանք արձագանք։ Դրա համար հրավիրելու ենք ընդդիմության առաջին խորհրդին այդ երկրների դեսպաններին, միջազգային կառույցների ղեկավարներին, որպեսզի իրենք լսեն մեր մտահոգությունները։

Շուտով մենք միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ես ցանկանում եմ կոչենք «ուժեղ և վստահելի հանրահավաք», քանի որ միայն այդ դեպքում մենք կկարողանանք ռեալ մեր ժողովրդի աջակցությունը ստանալ այդ հանրահավաքին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն