l-YXcF2GLnrm (1)

Գլխատված հայ զինծառայողի գործով ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել | hetq.am

hetq.am Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր՝ 2026թ. հունիսի 18-ին հայ զինծառայողին սպանելու և խոշտանգելու, ընտանիքի անդամներին տառապանք պատճառելու գործով Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել: Արձանագրվել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը խախտել է զինծառայողի կյանքի, խոշտանգումների արգելքի իրավունքը: Բացի այդ, տառապանք է պատճառվել ընտանիքի անդամներին: ՄԻԵԴ-ի վճռով՝ Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում հայ զինծառայողի ընտանիքին պետք է վճարի 90,000 եվրո՝ իրավունքների խախտման համար և 14.210 եվրո՝ դատական ծախսերի համար:

Դիմումատուները զինծառայող Հ.Թ.-ի (ՄԻԵԴ վճռում անունները չեն նշվել իրենց իսկ խնդրանքով) ծնողներն ու քույրն են: Նրանց շահերը դատարանում պաշտպանել են փաստաբան Արա Ղազարյանը, իրավապաշտպաններ Հայկուհի Հարությունյանը, Արաքս Մելքոնյանը և Արտակ Զեյնալյանը։

Դիմումատուները նշել են, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի հրադադարի կնքումից հետո, հակամարտության երկու կողմերի զոհված զինվորների մարմինները մարդասիրական կազմակերպությունների աջակցությամբ գտել և վերադարձվել են ընտանիքներին: Սակայն, հայկական կողմին փոխանցված մարմիններից մի քանիսը եղել են խոշտանգված՝ հակառակորդի զինված ուժերի կողմից: Բացակայել են  գլուխները, ձեռքերը, ականջի բլթակները կամ մարմնի այլ մասերը:

Հ.Թ.-ն Արցախի պաշտպանական բանակի մայոր էր և զոհվել է 2016թ. ապրիլի 1-5-ը Ադրբեջանի և Արցախի շփման գծի մոտ տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ։ Նրա մարմինը հայտնաբերվել է Թալիշ գյուղից մոտ 500 մ հեռավորության վրա։

2016 թվականի ապրիլի 2-ին, կեսօրին, Հ.Թ.-ն և վարորդ Հ.Գ.-ն դուրս են եկել զորամասից, որպեսզի զինամթերք մատակարարեն Թալիշ գյուղից մոտ 2 կմ հյուսիս գտնվող մեկ այլ ռազմական հրամանատարական կետի։

ԼՂՀ իշխանությունների կողմից 2016թ. ապրիլի 5-ին կազմված հանցագործության վայրի զննության արձանագրությունում գրանցվել է, որ բեռնատարը, որով նրանք գնում էին, դարանակալվել է և ենթարկվել ադրբեջանական ուժերի կողմից հրազենային հարձակման Թալիշից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Բեռնատարի բոլոր անվադողերը եղել են ծակված, իսկ ձախ դռան վրա եղել են կրակոցների, ավտոմեքենայի ներսում՝ արյան հետքեր։

Հ.Գ.-ի դին հայտնաբերվել է Արցախի պաշտպանական բանակի զինծառայողների կողմից 2016թ. ապրիլի 2-ին, ժամը 16:00-ի սահմաններում՝ մեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա։ Նրան գտել են գլխատված, իսկ գլուխը բացակայում էր։ Արցախի գլխավոր դատախազը քրեական վարույթ է սկսել Հ.Գ.-ի գլխատման վերաբերյալ։

Իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ Հ.Գ.-ի գլուխը կտրվել է հետմահու: Նա մահացել է հրազենային վերքերից։

Հ.Թ-ն ծանր վիրավորվել է դարանակալման ժամանակ։ Դեպքի առթիվ հարուցված քրեական հետաքննության ընթացքում հեռահաղորդակցության ծառայությունների մատակարարի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2016թ. ապրիլի 2-ին, ժամը 11:25-ին, նա իր հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել ծառայակից ըներոջը. «Նրանք կրակեցին ինձ վրա» բովանդակությամբ:

Սպանված զինծառայողների ընտանիքի անդամները, դիմելով Եվրոպական դատարան, պնդել են, որ Հ.Թ.-ն նախ դուրս է բերվել բեռնատարից, ապա սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից: Նրանք նաև կտրել են Հ. Թ-ի ձեռքերն ու գլուխը: Նրա մարմինը հայտնաբերվել է հայկական զինված ուժերի կողմից հաջորդ առավոտյան, մասնավորապես՝ 2016թ. ապրիլի 3-ին, բեռնատարից մոտ 30 մ հեռավորության վրա, Թալիշ գյուղի ուղղությամբ գտնվող կիրճի մոտ:

Փորձագետի եզրակացության համաձայն՝ Հ.Թ.-ն ստացել է հրազենային վերքեր, որի հետևանքով չի կարողացել քայլել։ Կրակոցներից հետո նա մոտ երկու ժամ ողջ է մնացել: Նրա ձեռքերը կտրվել են մահից վայրկյաններ առաջ՝ սկզբում աջը, ապա՝ ձախը։ Սակայն այս վնասվածքները որևէ պատճառահետևանքային կապ չունեին մահվան անմիջական պատճառի՝ գլխատման հետ։ Նրա գլուխը «տրավմատիկորեն կտրվել էր, երբ նա դեռ կենդանի էր, մահից վայրկյաններ առաջ, և հանգեցրել էր նրա մահվան»։

Հ.Թ.-ն հուղարկավորվել է 2016թ. ապրիլի 7-ին՝ առանց մարմնի կտրված մասերի:

Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ում պնդել է, որ 2016թ. ապրիլի 2-ին իրենց զինված ուժերը ազատագրել են, ի թիվս այլոց, Թարթառի շրջանի Թալիշ գյուղի շրջակա բլուրները։ Նշել են՝ քանի որ Հ.Թ.-ի մարմինը հայտնաբերվել է հայկական զորքերի կողմից, իրենք հնարավորություն չեն ունեցել ստուգելու, թե արդյոք վիճարկվող գործողությունները տեղի են ունեցել։

Հայաստանի կառավարությունը պաշտպանել է դիմող հայ ընտանիքների ​​պնդումները: Տեղեկատվություն են տրամադրել 2019թ. ապրիլի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցների յութուբյան ալիքներում հրապարակված տեսանյութի մասին: Կադրերը, ենթադրաբար, նկարահանվել են տվյալ գործի վայրում՝ ապրիլյան պատերազմին մասնակցած հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչների կողմից: Ադրբեջանական զինծառայողները նկարագրել են, թե ինչպես են ոչնչացրել հայկական ռազմական բեռնատար և սպանել ներսում գտնվող զինվորներին:

ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմողների բողոքները վերաբերում են Հ. Թ-ի ենթադրյալ խոշտանգման և ապօրինի սպանության դեպքին, որը տեղի է ունեցել ադրբեջանական զինուժի կողմից: Նրանք ներթափանցել են Թալիշ գյուղի շրջակայք, որն այդ ժամանակ գտնվում էր Հայաստանի վերահսկողության տակ:

ՄԻԵԴ-ը համարել է, որ դիմողների պնդումները Հ.Թ.-ի խոշտանգման ու ապօրինի սպանության մասին, և այդ պնդումները հաստատող ապացույցները հավաստի են: Ադրբեջանը որևէ այլընտրանքային պատմության կամ նույնիսկ դիմողների պնդումները հերքող «կենսունակ հակափաստարկներ» չի ներկայացրել: Պարզաբանումներ չեն ներկայացվել նաև սոցիալական հարթակներում գլխատված հայ զինվորի մարմնի մասերի ցուցադրման առնչությամբ:

«Դատարանը համոզված է, որ դիմողների պնդումները պետք է համարվեն էապես ճշգրիտ»,-նշված է ՄԻԵԴ վճռում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն