arm.sputniknews.ru «Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի տնային կալանքը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով՝ վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։
Դատարանը հաշվի առավ նրա պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ Օկումուշյանի ընտանիքի սոցիալական դժվարին իրավիճակի ու աշխատելու անհրաժեշտության վերաբերյալ։ Օկումուշյանն ունի երկու անչափահաս երեխա, ընտանիքի միակ կերակրողն է, և նրա կալանքի, այնուհետև տնային կալանքի շրջանում ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է հայտնվել։ Պաշտպանը միջնորդությունը ներկայացնելիս նաև խնդրեց խափանման միջոց ընտրելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ Օկումուշյանը կարիք ունի աշխատելու երկու հերթափոխով, այդ թվում՝ գիշերային ժամերին։
Հանրային մեղադրողները թեպետ նշեցին, որ պահպանվել են տնային կալանքի համար անհրաժեշտ հիմքերը, սակայն, հաշվի առնելով Օկումուշյանի ընտանեկան դրությունը, չեն առարկի, եթե դատարանը նվազ խիստ խափանման միջոց ընտրի։
Դատարանի որոշմամբ վերացվեց նաև գրավը, Օկումուշյանին կվերադարձվի մուտքագրված 500 հազար դրամը։