azatutyun.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն բերվի Լիբանանից՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի ճնշմանը, գրում է The Times of Israel-ը։
Նեթանյահուն, ելույթ ունենալով Իսրայելում նոր ավտոճանապարհի բացման պաշտոնական արարողությանը, ասել է, որ իսրայելական ուժերը կմնան Լիբանանի հարավում և այնտեղ կպահպանեն «անվտանգության գոտին» այնքան ժամանակ, քանի դեռ դա պահանջում են Իսրայելի անվտանգության կարիքները։
Հունիսի 17-ին ԱՄՆ-ն և Իրանը, առանց Իսրայելի մասնակցության, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում նաև Լիբանանում։
Reuters-ը, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել է, որ Իսրայելը «կոշտ բանակցություններ» է վարում Սպիտակ տան հետ՝ Լիբանանի հարավում իր զորքերի դիրքերը պահպանելու համար։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հունիսի 15-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի պայմանավորվածությունները Իսրայելի համար որևէ պարտավորություն չեն ստեղծում։