ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի անասնաբուծության ոլորտի ներկայացուցիչներ։
Հանդիպումը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Տաթևիկ Սարգսյանը խոսել է ՀՀ կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի մասին՝ հիմնականում անդրադառնալով անասնապահության, կաթի արտադրության սուբսիդավորման միջոցառումների հետ կապված հարցերին։
Նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ ֆերմերային կամ գյուղացիական տնտեսություններում կենդանիների գլխաքանակն ավելացնելու նպատակով ՀՀ կառավարությունն ամեն գլուխ կովի համար նախատեսել է տրամադրել 15.000-ական դրամ սուբսիդիա։
Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած մինչև 22 գլուխը ներառյալ կովերի համար (առավելագույնը 20 գլուխ)։
Կաթի գնի սուբսիդավորման ծրագրից օգտվելու նպատակով ցանկացողները էլեկտրոնային եղանակով դիմում պետք է ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները։
Տաթևիկ Սարգսյանը նաև ընդգծել է, որ գործընթացը շահառուների համար առավելագույնս պարզեցված է, և մարզի ֆերմերներին հորդորեց՝ ծրագրից օգտվելու նպատակով ցուցաբերել ակտիվ մասնակցություն։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը պատասխանել է ներկաների հարցերին։