aysor.am Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե հայկական գյուղմթերքը, մասնավորապես՝ ելակը, Ռուսաստանի Դաշնություն է մատակարարվում Վրաստանի տարածքով։
«Նախարարությունը կտրականապես մերժում է հայկական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը հայկական արտադրանքի ծագման փոփոխման և բեռների՝ այլ հարևան երկրի անունով Ռուսաստանի տարածք ներմուծման մասին՝ հետագա վերաարտահանման նպատակով։ Նման հրապարակումները կրում են շահարկողական բնույթ, չեն համապատասխանում իրականությանը և կարող են վնաս հասցնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին»,-ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել, որ Վրաստանը ներգրավվում է հարևան երկրում ընթացող քաղաքական պայքարի նման կոպիտ դրսևորումների մեջ։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, թե «հայկական ելակը տանում են Վրաստան և այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան»։