727587481_4614526868778687_812668415463219805_n

Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. փաստաբան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Աղասի Դարբինյան) հունիսի 19-ին բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։
«Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները»,- գրել է Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ վարչական դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ստացված դիմումների հիման վրա ներկայանալ եկեղեցու տարածք և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։ «Առանց դեպքի վայր այցելելու և օրենքով սահմանված ընթացակարգը կատարելու ոստիկանությունը իրավասու չէր եզրակացնել, թե ներխուժում կա, թե չկա։ Եկեղեցու դիմումների հիման վրա գործողություններ չկատարելը հանդիսացել է ոչ իրավաչափ անգործություն»,- հայտնել է փաստաբանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն