screenshot-2026-06-20-140312

Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ Ընկերակցային խմբի տարեկան հանդիպմանը, որտեղ քննարկվել են համաշխարհային տնտեսության անորոշության, կառուցվածքային փոփոխությունների և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման հարցերը։ Այցի ընթացքում նրանք ունեցել են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարների հետ՝ անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներին և թվային փոխակերպման օրակարգին։

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ համատեղ Ընկերակցային խմբի տարեկան հանդիպմանը, որն անցկացվել է «Անորոշության փոխակերպումը երկարաժամկետ հնարավորության» խորագրի ներքո։

Հանդիպման նպատակն էր քննարկել համաշխարհային տնտեսությունում պահպանվող բարձր անորոշության, աշխարհաքաղաքական զարգացումների և շարունակվող կառուցվածքային վերափոխումների պայմաններում տնտեսական կայունության և երկարաժամկետ աճի ապահովմանն առնչվող հարցերը։

Հանդիպման շրջանակներում Վահե Հովհաննիսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի, Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության գլխավոր գանձապետ Ջասպեր Վեսսելինգի, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ինչպես նաև ՀԲ թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության գծով փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներին, առաջիկա հեռանկարներին, Հայաստանում ՀԲ ծրագրերի ընթացքին, ԱՄՀ աջակցությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև «Կլիմայի քաղաքականության ախտորոշման» (Climate Policy Diagnostic) առաքելության արդյունքներին և դրանց հաջորդող քայլերին: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև թվային փոխակերպման օրակարգին և այդ ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին, ներառյալ` թվային ենթակառուցվածքների զարգացմանը, կիբերանվտանգության ամրապնդմանը և պետական ծառայությունների թվայնացմանն ուղղված նախաձեռնություններին»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն