Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկուն է վերադարձրել Սպիտակ Արծվի շքանշանը՝ երկրի բարձրագույն պետական պարգևը։ Այս մասին նա գրառում է կատարել «X»-ում։
«Երեկ Լեհաստանի նախագահը նշել է, որ Սպիտակ արծվի շքանշանը սովորական պարգև չէ։ Այն Լեհաստանի Հանրապետության բարձրագույն վստահության խորհրդանիշն է, որը մատնանշում է լեհական պետության հետ հատուկ կապն ու լեհ ժողովրդի առանձնահատուկ երախտագիտությունը։ Նման խորհրդանիշը պահանջում է ոչ միայն արժանիքներ, այլև հարգանք այն արժեքների նկատմամբ, որոնք կազմում են մեր համայնքի հիմքը։
Հետևաբար, եթե համարվում է, որ այս հատուկ խորհրդանիշը կարող է մնալ Եկատերինա II-ի, Բենիտո Մուսոլինիի և Գերհարդ Շրյոդերի կողքին, ապա մենք Ուկրաինայում չենք վիճարկի դա»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Նա շեշտել է, որ Ուկրաինան երախտապարտ է լեհ ժողովրդին աջակցության և համագործակցության համար, որոնք նշանակալի դեր են խաղում Ռուսաստանից երկու երկրների անկախության համար մղվող պայքարում։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան բաց կմնա Լեհաստանի հետ փոխգործակցության բոլոր բովանդակալից ձևաչափերի համար՝ փորձելով խուսափել ընդհանուր անցյալի դժվարին ու ցավոտ էջերի հակասական մեկնաբանություններից և ապահովել պատշաճ հարգանք 20-րդ դարի բոլոր անմեղ զոհերի հիշատակի նկատմամբ։
«Եվ ուկրաինացիներն անում են իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի Եվրոպան այս դարում պարտություն չկրի։ [․․․]
Մենք հավատում էինք, որ 2023 թվականին շնորհված Սպիտակ արծվի շքանշանը նախատեսված էր ուկրաինացի ժողովրդի և մեր բանակի համար։ Այդ ժամանակ հենց այդպես էլ ասվել էր։ Այսօր ես շքանշանը հետ եմ ուղարկել Լեհաստանի նախագահին։
Հավատում եմ, որ ապագան կհաստատի այն հարգանքը, որին արժանի են ուկրաինացիները»,- գրել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ Լեհաստանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց հետ է վերցրել իր բարձրագույն պետական պարգևը՝ Սպիտակ արծվի շքանշանը։ Պատճառը դարձել է Կիևի որոշումը՝ զորամասերից մեկին պատվավոր անվանում շնորհել Ուկրաինական ապստամբական բանակի (ՈւԱԲ) պատվին, որի գործունեությունը շարունակում է մնալ երկու երկրների միջև սուր պատմական վեճերի առարկա։
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ուկրաինական իշխանությունների այդ քայլը անվանել է «վրդովեցուցիչ», «անհասկանալի» և «խորապես հիասթափեցնող»։ Նրա խոսքով՝ լեհերի մեծամասնության համար ՈւԱԲ-ն առաջին հերթին ասոցացվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վոլինում լեհ բնակչության զանգվածային սպանությունների հետ։