jtaa9jwzug9iueok

Իրանը բարձրաձայնել է հինգ հիմնական պահանջ, առանց որոնց կատարման բանակցություններն անհնար են | news.am

news.am Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի մասնակցությունը Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլին միտված է ապահովելու Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի կատարումը՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն կարող սկսվել, քանի դեռ փաստաթղթի հինգ առանցքային կետերը չեն կատարվել, հայտնում է Tasnim-ը։

Բաղային, որը Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և ԻԻՀ ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ միասին ընդգրկվել է Շվեյցարիայում բանակցային խմբի կազմում, հայտարարել է, որ Շվեյցարիայում հանդիպումները կենտրոնացած են հունիսի 18-ին ստորագրված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկման վրա։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ մեկօրյա ծրագիրը ներառում է առանձին առավոտյան հանդիպումներ իրանական պատվիրակության և կատարցի ու պակիստանցի միջնորդների միջև, որոնց կհաջորդի օրվա երկրորդ կեսին քառակողմ հանդիպում՝ Իրանի, Միացյալ Նահանգների, Կատարի և Պակիստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Բաղային ընդգծել է, որ հուշագրի 13-րդ հոդվածում ուղղակիորեն ասվում է, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կախված են համաձայնեցված հինգ դրույթների կատարումից, ներառյալ առաջին կետը, որը վերաբերում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմի դադարեցմանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Մարտի 9-ին Իրանի Փորձագետների խորհուրդը երկրի նոր Գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրել Մոջթաբա Խամենեիին՝ Այաթոլլահ Ալի Խամենեիի որդուն։

Մարտին իրանական կողմը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին: Նավթի տեղափոխման խոշորագույն ճանապարհի արգելափակումը հանգեցրել է վառելիքի համաշխարհային գնի բարձրացմանը։

Ապրիլի 7-ին ԱՄՆ-ն հայտարարել է հաջորդ օրվանից հրադադար սկսելու մասին։ Օրեր անց՝ ապրիլի 11-ին, Իսլամաբադում տեղի են ունեցել խաղաղության շուրջ բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։

Միայն հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու մասին: Բանակցություններն ընթանում են 12 առանցքային կետերի շուրջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն