civilnet.am 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ՀՀ վարչական և առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարաններ դիմած 353 քաղաքացիներից միայն երկուսի հայցն է բավարարվել: Դատական դեպարտամենտի տրամադրած տվյալների համաձայն՝ հայցադիմումների մեծ մասը վերադարձվել է կամ մերժվել:
Ընտրողների ցուցակում կամ ընտրողների ռեգիստրում ընդգրկվելու պահանջով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ է դիմել 274 անձ, իսկ Վարչական դատարան՝ 79 անձ: Դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համադրմամբ՝ 28 դեպքում հայցվորների տվյալները համընկել են, ինչը նշանակում է, որ նույն անձինք միաժամանակ դիմել են և՛ քաղաքացիական, և՛ վարչական դատարաններ:
Վարչական դատարանում ստացված 79 հայցերից վարույթ է ընդունվել 20-ը, որոնցից միայն 2-ով է կայացվել հայցը բավարարելու մասին վճիռ, 1-ով՝ մասնակի բավարարման, իսկ 17-ով հայցը մերժվել է: Մնացած դեպքերում 55 հայցադիմում վերադարձվել է, իսկ 4-ի ընդունումը՝ մերժվել:
Առաջին ատյանի քաղաքացիական դատարաններում բավարարված 3 վճիռները հետագայում բեկանվել են Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, և գործերի վարույթները կարճվել են:
Դատական դեպարտամենտը նշված վիճակագրական տվյալները տրամադրել է «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրի և Դատական տեղեկատվական համակարգի որոնողական գործիքների միջոցով։
Վարչական դատարանի կայքում կատարված մեր հպանցիկ դիտարկմամբ՝ պարզվել է, որ հայցադիմումներից 12-ը ներկայացրել են «070» ծածկագրով անձնագիր ունեցող անձինք (արցախցիներ):