l-0x0wh-786x458z-1

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրավունքները․ Զախարովա | civilnet.am

civilnet.am Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի  արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան ասել է, որ Երևանն արդեն ավելի քան երկու տարի է, ինչ ձեռնպահ է մնում ՀԱՊԿ ձևաչափով անցկացվող միջոցառումներին մասնակցելուց, սակայն իրավական տեսանկյունից չի դադարեցրել անդամակցությունը կառույցին։

Օրեր առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ երկու տարվա ընթացքում Հայաստանի կողմից անդամավճարներ չվճարելու պատճառով:

ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում խորհուրդն ընդունում է որոշում՝ կազմակերպության շրջանակներում այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցման, ինչպես նաև միավորման մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին մինչև պարտքի ամբողջական մարումը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն