aram-hambaryan-unesco

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ԿԳՄՍ նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բաժնի պետ Նաիրա Կիլիչյանը ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առանձնահատուկ կարևորում է պետություն–քաղաքացիական հասարակություն համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես արդյունավետ և կենսունակ մշակութային քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Նա միաժամանակ ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, իրականացնելով բաց և թափանցիկ մշակութային քաղաքականություն, ամեն տարի դրամաշնորհային ծրագրերի միջոցով ֆինանսական աջակցություն է տրամադրում մշակութային հասարակական կազմակերպություններին, որոնք ուղղված են համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և հանրահռչակմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ևս ընդգծել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է։ Նա կարևորել է համայնքների կարիքների ընկալումն ու դրանց մշակութային ժառանգության պահպանությունը։

Նստաշրջանի ընթացքում հայկական «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվել է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեին խորհրդատվական կարգավիճակով աջակցող հասարակական կազմակերպություն՝ ի ճանաչում ոլորտում ունեցած մասնագիտական փորձառության։

Այն Հայաստանի երկրորդ հասարակական կազմակերպությունն է, որն արժանանում է նման բարձր միջազգային ճանաչման․ 2020 թ․ հավատարմագրվել էր «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն»  Հ/Կ-ն»,- նշված է հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն