pastinfo.am Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշման առնչությամբ։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը 2016 թվականին հայ զինծառայողին սպանելու և խոշտանգելու, ընտանիքի անդամներին տառապանք պատճառելու գործով Ադրբեջանի դեմ վճիռ էր կայացրել:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում որոշումը գնահատել են որպես անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող։
Բաքուն դժգոհություն է հայտնել նաև որոշման մեջ կիրառված ձևակերպումների կապակցությամբ՝ պնդելով, որ դրանք հակասում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Ադրբեջանական կողմը, մասնավորապես, առարկել է փաստաթղթում Արցախի, նրա պետական կառույցների, Պաշտպանության բանակի, գլխավոր դատախազի և օմբուդսմենի հիշատակման դեմ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում ՄԻԵԴ-ի տվյալ որոշումը և կքննարկի իր շահերի պաշտպանության հնարավոր քայլերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻԵԴ-ի վճռով՝ Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում հայ զինծառայողի ընտանիքին պետք է վճարի 90,000 եվրո՝ իրավունքների խախտման համար և 14.210 եվրո՝ դատական ծախսերի համար:
Սպանված զինծառայողների ընտանիքի անդամները պնդել են, որ ադրբեջանցի զինվորները կտրել են Հ. Թ-ի ձեռքերն ու գլուխը: