rvueuskoljxzffrf4rchoxwdfkdqbiq29lxbp13g

Գյումրիում հաշվառվում են կարկտահարության պատճառած վնասները | armenpress.am

armenpress.am Գյումրիի համայնքապետարանում շարունակվում է հունիսի 19-ի կարկտահարության պատճառած վնասների փաստագրման գործընթացը։ Բնական աղետից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման նպատակով  դիմումներ են ներկայացնում համայնքապետարան։

Գյումրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 20-ին մեկնարկած դիմումների ընդունման գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 26-ը ներառյալ։

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք տուժել են բնական աղետից, կարող են իրենց կրած վնասների վերաբերյալ համապատասխան դիմումներ ներկայացնել Գյումրիի համայնքապետարան։ Քաղաքապետարանը հորդորում է բնակիչներին հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի ձևավորված հանձնաժողովները կարողանան ժամանակին իրականացնել տեղազննությունն ու գնահատել հասցված վնասի իրական չափը՝ հետագա աջակցության ծրագրերում դրանք ներառելու նպատակով»,-նշում  են համայնքապետարանից։

Հունիսի 19-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնասներ է հասցրել քաղաքացիների գույքին։ Տուժել են բնակելի տների տանիքները, տրանսպորտային միջոցները, տնամերձ հողատարածքներն ու այլ գույք։ Ստացված տեղեկատվությունը կուղարկվի Շիրակի մարզպետի աշխատակազմ՝ հետագա ուսումնասիրման և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու նպատակով։

Նմանատիպ գործընթաց իրականացվում է նաև մարզի մյուս համայնքներում։ Ախուրյանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունիսի 11-ի և 19-ի  կարկտահարությունների հետևանքով տուժած գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և գույքի վնասների գույքագրման ու հաշվառման նպատակով անհրաժեշտ է դիմել համապատասխան կառույցներին։ Բնակավայրերի բնակիչները կարող են ներկայացնել իրենց տվյալները վարչական նստավայրերում, իսկ Ախուրյան բնակավայրի բնակիչները՝ Ախուրյանի համայնքապետարանի բնապահպանության և գյուղատնտեսության բաժնում։

Մինչ շարունակվում է հունիսի 19-ի կարկտահարության հետևանքով վնասների վերաբերյալ դիմումների ընդունումը, արդեն ձևավորված հանձնաժողովն ամփոփում է հունիսի 11-ին գրանցված կարկտահարության հետևանքով պատճառված վնասների վերաբերյալ տվյալները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն