Քաղաքական սուր ելույթին թ՛ող սուր ելույթով պատասխանեն. Գրիգորյանը՝ ծեծկռտուքի մասին | news.am

Քաղաքական սուր ելույթին թ՛ող սուր ելույթով պատասխանեն. Գրիգորյանը՝ ծեծկռտուքի մասին | news.am

news.am Այո, մեր ելույթները սուր էին, բայց դրան պետք է սուր ելույթով պատասխանել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Հարցին՝ որքանո՞վ է ճիշտ չհարգել անմեղության կանխավարկածը և Անդրանիկ Թևանյանին անվանել պետական դավաճան, նա պատասխանեց. «Որ իշխանությանը վարչական ռեսուրսի չարաշահում են վերագրում, դա դատական ակտով հաստատվա՞ծ է։ Այդ ո՞նց է այդ երկակի ստանդարտը, այսինքն երբ իշխանությանը քննադատելուց է լինում, այդտեղ անմեղության կանխավարկած չկա, դատարանի օրինական ուժի մեջ մտնելու վճռի պահանջ չկա, հենց ընդդիմության մասին ենք սկսում խոսել, նոր այդ ժամանակ դառնում է անմեղության կանխավարկած։

Երբ հանրությունը ընտրությունների մասնակից է ու բոլորը տեսնում են՝ ինչ է լինում, դուք չեք կարող ասել՝ ժողովուրդ ջան, այդ ինչ տեսել եք, մոռացեք, սպասեք դատական ակտ կլինի, նոր կհավատաք, որ դա տեղի է ունեցել»։

Դիտարկմանը, որ ավագանու նիստում ծեծկռտուքին մասնակցել են նաև քաղաքապետարան աշխատակիցներ, պաշտոնյաներ, Սուրեն Գրիգորյանն ասաց. «Այնպես չի, որ ավագանու նիստերի դահլիճում կռիվ անելը օրենքով կանոնակարգված ընթացակարգ է, որում գրված է, որ դրան կարող են մասնակցել այս–այս մարդիկ, և չեն կարող մասնակցել այն–այն մարդիկ; Կռիվը առհասարակ անընդունելի է, բռնությունը անընդունելի է։ Բայց եթե հնչում է քաղաքական սուր ելույթ, քաղաքական գործիչը, որ ասում է՝ ես քաղաքական գործիչ եմ, գալիս է Երևանի ավագանու անդամ է դառնում, ԱԺ պատգամավոր է դառնում, պետք է իմանա, որ այդ ժամանակ պետք է ունակություն ունենա, լռի, տեղից չգոռա, երկրորդը, պատրաստի իր ելույթը, դուրս գա այդ նույն ամբիոնից, նույն քաղաքական սուր ելույթով պատասխանի։

Մարդիկ, եթե այդ էլեմենտար քաղաքական գործունեության այբուբենին չեն տիրապետում ու ուզում են լինեն քաղաքական գործիչ, լինում է այն, ինչ որ լինում է հիմա»,– ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն