azatutyun.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տարածաշրջանային այցի շրջանակում ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն Ռուբիոյի այցելությունները տեղի են ունենում, երբ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի փխրուն շրջանակային համաձայնագիրը Վաշինգտոնի արաբական դաշնակիցների մոտ նոր հարցեր է առաջացրել տարածաշրջանային անվտանգության և Թեհրանի ապագա հավակնությունների վերաբերյալ։
«Մենք երկարամյա հարաբերություններ և գործընկերություն ունենք այս երեք երկրների հետ», – Աբու Դաբիի օդանավակայանում լրագրողների հետ զրուցելիս շեշտել է Ռուբիոն՝ ԱՄԷ-ն առանձնացնելով որպես վերջին ամիսներին Վաշինգտոնի ամենամոտ գործընկերներից մեկը։
«Մենք այստեղ ենք ավելի շատ նրանց լսելու, քան խոսելու համար։ Մենք ցանկանում ենք լսել նրանց մտքերը…և համոզվել, որ դրանք հաշվի ենք առնում մեր յուրաքանչյուր որոշման մեջ», – «Ազատության» թղթակցի հարցին այսպես է պատասխանել պետքարտուղարը։
Չնայած Իրանի հետ շրջանակային համաձայնագիրն արդեն գոյություն ունի, այն դեռ «կիսատ է», ասել է նա։
Ըստ դիվանագետի՝ թեև վերջին օրերին «լավ հիմք» է ստեղծվել, այնուամենայնիվ «դեռ շատ աշխատանք կա անելու»։
Անդրադառնալով Իրանից հնչող հայտարարություններին, որոնք, ըստ տեղեկությունների, կասկածի տակ են դնում Թեհրանի՝ ստանձնած պարտավորությունների կատարումը, Ռուբիոն ասել է․
«Մենք գիտենք, թե ինչ են նրանք համաձայնել անել։ Հիմա կա՛մ կկատարեն այդ պայմանավորվածությունները, կա՛մ՝ ոչ։ Իսկ եթե չկատարեն, նախագահը ստիպված կլինի որոշումներ կայացնել»։
Նախազգուշացումը պետքարտուղար Ռուբիոն հնչեցրել է ձեռքբերված փաստաթղթի ամենավիճահարույց դրույթներից մեկի՝ ստուգումների մեխանիզմների շուրջ պահպանվող անորոշության ֆոնին։
Պետքարտուղարի դիտարկմամբ՝ տարածաշրջանում գործող պրոքսի ուժերի, մասնավորապես՝ լիբանանյան «Հեզբոլա»-ի և պաղեստինյան «Համաս»-ի հարցն անխուսափելիորեն Թեհրանի հետ բանակցությունների մաս կդառնա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում